Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 15 շենքի մոտից, հոկտեմբերի 31-ին' ժամը 12.30-ին, ապօրինի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Ռուբիկ Մնացականյանը' իր «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայով:

 

Զննությամբ մեքենայի վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է 15,5 սմ շեղբի երկարությամբ դանակ և թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով 2,5 գ կշռով կանեփանման զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկ այլ դեպքում' հոկտեմբերի 31-ին' ժամը 03.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի գետնանցումից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ժիրայր Ա.-ին և 1987 թ. ծնված Զավեն Բ.-ին:

 

Բայց մինչ այդ Ժիրայր Ա.-ն նշված գետնանցումում նկատելով ոստիկաններին՝ գետին էր նետել ծխախոտի գլանակն և թղթե փաթեթը, որում առկա է եղել դեղնականաչավուն զանգված: Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: