Եվրոպական միությունն այս շաբաթ չի պատրաստվում վերանայել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Այդ մասին «Իտառ-Տասս»-ի հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը' մեկնաբանելով մի շարք ԶԼՄ-ներում առկա տեղեկատվությունը:

 

«Ես չեմ ասել նման բան: Ես ասել եմ, որ անդամ-երկրներն այս շաբաթ պետք է քննարկեն Ուկրաինայի արևելքի ընտրությունները և ընդհանուր երկրի իրավիճակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ'ասել է Կոսյանչիչը:

 

Ինչ վերաբերում է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներին, ապա, նրա խոսքով, «դրանք ինչպես եղել են, այդպես էլ մնում են մշտական հսկողության ներքո»:

 

ԵՄ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ սահմանափակող քայլերը վերջին անգամ գնահատվել են հոկտեմբերի 28-ին: Այդ ժամանակ ԵՄ անդամ 28 երկրների դեսպանները առաջարկներ չեն ներկայացրել ՌԴ-ի նկատմամբ սանկցիաների փոփոխման վերաբերյալ: