Քուվեյթի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Հինդ ալ Սաբիհն ընդունել է Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխգործակցության խորացման ուղիները: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջև առկա երկկողմ փոխգործակցության մակարդակի կապակցությամբ' պատրաստակամություն հայտնելով էլ ավելի խորացնել համապատասխան գերատեսչությունների միջև շփումներն ու նպաստել միջգերատեսչական համագործակցության հետագա ընդլայնմանը:

 

Կողմերը կարևորել են սոցիալական և բարեգործական բնույթի ծրագրերում քուվեյթյան կողմի գործուն մասնակցության ապահովումը, ինչպես նաև քննարկել Հայաստանի և Քուվեյթի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև համագործակցության փաստաթղթի ստորագրումը: Ընդգծվել է փոխայցելությունների հաճախակիացման կարևորությունը: