Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը դեռ եռյակի գործողություններին չի հավատում ու նրանց մեջ չի տեսնում իշխանափոխություն կատարելու ներուժը: Այս մասին հայտնեց քաղաքական գործիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Հայաստանը երբևէ չի բարելավվի, եթե անարդար իշխանություն ունենա ու անարդար ընդդիմություն: Աշխարհում այդ երկու ուժերը, մրցակցելով իրար հետ, հնարավորություն են տալիս ժողովրդին փոփոխությունների ականատես լինել: Մենք փոփոխությունների հնարավորություն չունենք: Միայն իշխանությանը հայհոյելով չի: Ընդդիմությունը պետք է բարոյական իրավունք ունենա' այդ փոփոխությանը տանելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Տիգրան Կարապետյանը:

 

Նա հարթակին կանգնած գործիչներից միայն Գագիկ Ծառուկյանին է քիչ թե շատ հավատում, իսկ հարցին ի պատասխան, թե արդյոք Կարապետյանին կարող ենք առաջիկայում տեսնել ԲՀԿ-ի կողքին, պատասխանեց. «Ես յուրաքանչյուր ուժի կողքին կլինեմ, եթե ռեալ իշխանափոխություն լինի: Բայց ես դեռ չեմ հավատում»:

 

Տիգրան Կարապետյանի կարծիքով' ժողովուրդը ևս չի հավատում եռյակին ու նրանց' իշխանափոխության կոչերին: Իսկ թե որ պահին կմիանա եռյակին, ասաց. «Երբ ժողովուրդը ինքնաբուխ հավաքվի, բայց ժողովուրդը չի հավատում: Ես մեծ շրջապատ ունեմ, շփվում եմ ժողովրդի հետ, գիտեմ, որ չեն հավատում»:

 

Նա նաև հայտնեց, որ զբաղվում է քաղաքականությամբ: «Խորհուրդն աշխատում է, այցելում ենք գյուղեր, հանդիպում մարդկանց հետ»-նշեց Կարապետյանը' ավելացնելով, որ առանձին հանրահավաք անցկացնելու ժամանակը դեռ չի եկել:

 

Ներկայում էլ եռյակի հանրահավաքներին չի մասնակցում նաև այն պատճառով, որ հրավեր չի եղել: «Մեզ չեն հրավիրում ու ասում են համաժողովորդական շարժում է, արտախորհրդարանական ոչ մի ուժ չկա հարթակին»,-հավելեց նա:

 

Ինչ վերաբերում է Հայ հեղափոխական դաշնակցությանը, Տիգրան Կարապետյանը կարծում է, որ այդ ուժն իշխանությունից սպասումներ ունի, քանի որ հենց այնպես ոչ մի որոշում չի կայացնում: