ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության Մասիսի քննչական բաժնում շարունակվում է Զորակ գյուղի բնակչուհի Ռ.Հարությունյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում հայտնաբերվել և որպես մեղադրյալ է ներգրավվել երրորդ մասնակիցը։ Վերջինս հետախուզման մեջ էր գտնվում 2009 թվականից։

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ռ.Հարությունյանի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքով ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի' լույս 17-ի գիշերը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել էր, որ Էջմիածին քաղաքի բնակիչ Վ.Ունջուղուլյանը, իր մորեղբոր որդի Մ.Լևոնյանից 2009թ. օգոստոսի 15-ին տեղեկանալով, որ իրենց ծանոթ Ա.Հայրապետյանն Արարատի մարզի Զորակ գյուղի բնակչուհի Ռ.Հարությունյանից տոկոսով գումար է վերցրել, և վերջինս շատ գումար, ոսկյա զարդեր ունի, համաձայնության են եկել ավազակությամբ դրանք հափշտակել և բաժանել միմյանց միջև:

 

Ըստ քննության տվյալների՝ Ա.Հայրապետյանը մանրամասն նկարագրել է տուժողի տան տեղն ու դիրքը։ 2009թ. օգոստոսի 16-ի՝ լույս 17-ի գիշերը՝ ժամը 04։30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած դիմակավորված անձինք, պատուհանից մուտք են գործել Ռ.Հարությունյանի տուն և դանակով սպառնացել նրա կյանքին ու առողջությանը, ծեծել, կպչուն ժապավենով փակել բերանը, կապել ձեռքերն ու ոտքերը, ապա հափշտակելով զգալի չափի կանխիկ գումար և ոսկեղեն՝ դիմել փախուստի։

 

Խմբի անդամներից երկուսի՝ Ա.Հայրապետյանի և Մ.Լևոնյանի մասով նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2009 թվականին, իսկ Վ.Ունջուղուլյանի գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառով նրա վերաբերյալ մասն անջատվել էր առանձին վարույթ և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում։

 

Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել Ա.Հայրապետյանին և Մ. Լևոնյանին առաջադրված մեղադրանքները և նրանց մեղավոր ճանաչել՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով՝ դատապարտելով 6 և 8,5 տարվա ազատազարկման։

 

2014 թվականի հոկտեմբերին Ունջուղուլյանը հայտնաբերվել և ներկայացվել է քննությանը։ Հոկեմբերի 24-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով։