Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր պաշտոնական կայքից հանել է «Կտրվածքներ պատմությունից» բաժնում տեղադրված' «1914-1918 թվականներին հայերի գործունեությունը արխիվային փաստաթղթերում» ենթաբաժինը, որն ուղղված էր Հայոց ցեղասպանության իրողության «հերքմանը»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:

 

Թուրքիայի ԶՈւ ԳՇ ռազմական պատմության եւ ռազմավարական հետազոտությունների նախագահության (ATASE) կողմից Հայոց ցեղասպանության պնդումներին «պատասխանելու» համար պատրաստված 8-հատորանոց աշխատությունը PDF ձեւաչափով տեղադրված էր ԳՇ պաշտոնական կայքում: Թուրքերեն եւ անգլերեն այդ աշխատության համար աշխատանքները սկսվել էին 2006 թվականին եւ ավարտին հասցվել 2008 թվականին: 3 տարում պատրաստված այդ աշխատությունն այժմ հնարավոր է տեսնել միայն «ԳՇ ATASE եւ վերահսկողության նախագահության հրատարակչական բաժնի տնօրինություն» հասցեում: