Մեր զրուցակիցն է հրապարակախոս, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը
Տիկին Գալստյան, «Հավատանք, որ փոխենք» կարգախոսից հետո Սերժ Սարգսյանն այս անգամ էլ ապահով Հայաստան է խոստանում: Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական այս շրջանը, ի՞նչ եք կարծում՝ ապահով Հայաստանի մասին խոսակցություններն ունե՞ն արդյոք կյանքի կոչվելու հնարավորություն փետրվարի 18-ից հետո:
Ճգնաժամային իրավիճակներին բնորոշ հակասություններով լի շրջան ենք ապրում, անհանգիստ է մեր հասարակությունը. ինչ անել հարցը չի դադարում մեզ հետապնդել: Մեր հանրային միտքը շատ է խոսում նոր Հայաստանի, սերնդափոխության, քաղաքական և առհասարակ նոր էլիտայի անհրաժեշտության մասին, ինչն իսկապես օբյեկտիվ անհրաժեշտություն է: Բայց փոփոխությունները, էլիտաները, հասարակական-քաղաքական ինստիտուտները հենց այնպես չեն ծնվում. հանրային պահանջ-պատվերի խնդիր կա: Այս պահանջն էլ բավարար չէ, քանի դեռ չի ձևավորվել քաղաքական և հասարակական այն կլիման, որն այդ պահանջը կակումուլացնի ու կիրացնի: Երկար ժամանակ մեզ ուղեկցում են համակարգային փոփոխության անհրաժեշտության, այսպես այլևս չշարունակելու, սա վերջն է, վերջի վերջն է, ավելի վատ չի կարող լինել,Նոր Հայաստանի կերտման ուղերձները, բայց եթե իրականությունը նույն դառնությամբ շարունակում է մնալ նույնը, նշանակում է պատվիրատուն (իմա՝ ժողովուրդը) պահանջն իրացնելու համոզում-վճռականություն չունի, մյուս կողմից էլ՝ առաջնորդող քաղաքական ուժերն են անկարող, սպառված։ Իսկ սերնդափոխությունը կուսակցական համագումարի պարզ որոշում չէ։ Պիտի գա համոզիչ և հեղափոխական, մինչև վերջ գնացող, անկեղծ, ինտելեկտուալ, քաղաքական ու բարոյական մեսիջներ բերող այն տեսակը, որը համոզիչ կդառնա: Քանի դեռ շարունակում ենք մնալ այսպիսին, նշանակում է քաղաքական կլիման, առաջնորդներն ու նրանց դավանած արժեքները բավարար կենսունակ չեն։ Ու մենք բոլորս՝ իբրև մասնակից ու դերակատար, արժանի ենք նրան, ինչ ունենք։
Ինչ վերաբերում է ապահով Հայաստանին. մենք շատ ենք նախագահից լսել նախընտրական, ոչ նախընտրական նույնաբովանդակ ուղերձներ, որոնք բոլորն էլ ապահովության մասին էին, բայց այդ կարգախոսները ոչինչ չեն փոխել։ Բարոյականության, կայուն երկրի, պաշտպանված իրավունքի, քաղաքացիական հասարակության մասին է խոսվել, բայց իրականության մեջ մենք անընդհատ արժեքների կորուստ ենք արձանագրել. տնտեսական, քաղաքական, սոցիալական ձախողումներ, սպառնագին արտագաղթ ու կոռուպցիա:
Ինչ կարող է լինել... Մեծ ընտրություն չունենք։ Երկու սցենար եմ տեսնում. Առաջին՝ իշխանական քաղաքական վերնախավը խոհեմություն կունենա և կհասկանա, որ Հայաստանի ներկա մոդելը հեռանկար չունի, և կփորձի վերևից հեղափոխություն իրականացնել՝ ներքին առողջացման մեխանիզմներ ներմուծելով, երկրի կառավարմանը մասնակից դարձնելով Հայաստանի ճակատագրով իսկապես մտահոգ, վերջին քսան տարիների քաղաքական առևտրի մեջ չպղծված պրոֆեսիոնալների, քաղաքացիական և քաղաքակրթական արժեք ունեցող տեսակի: Սա իհարկե խոցելի, բայց իմ կարծիքով հարկավոր տարբերակ է։
«Հին» գործիչները հնարավո՞ր է նման քայլի դիմեն:
Ոչ, իհարկե. համատարած արժեզրկման մեջ նաև անձերն են արժեզրկվել, նրանց քաղաքական գաղափարական այլասերման ողջ ճանապարհի վկան ենք: Իսկ մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ բարոյականությունը կարևորում են, այդ թվում և ես, չենք ընդունում այդ դեմքերին, նրանց բովանդակությանը ծանոթ ենք: Այս ամենը մեծապես պայմանավորված է նաև ընտրությունների որակով: Եթե ընտրություններն անցնեն ծառայություններ մատուցածների, վարչական ֆինանսական ռեսուսներ կիրառողների հսկա թիմով, թիմին հետո պետք է հատուցել, իսկ հատուցումը և բարեփոխումներն անհամատեղելի են:
Երկրորդ սցենարը, որը նախընտրելի չէ, Հայաստանն իր փոսի մեջ դիրքերին ավելի կամրագրի, այն է՝ ընտրությունները կանցնեն այնպես, ինչպես միշտ, և քաղաքական էլիտան կշարունակի գործել այնպես, ինչպես հիմա է: Վատատես չլինենք, մտածենք քաղաքական խոհեմության ռեսուրսների մասին։ Գուցե Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման երկրորդ շրջանում տեսլական ունենա՝ մեր պատմության մեջ վերևից հեղափոխություն իրականացնողի հետք թողնելով:
Ի նկատի ունեք՝ օլիգարխներին պատժելով, բարեփոխումներ իրականացնելով կզբաղվի, երբ լինի լեգիտիմ նախագա՞հ:
Օլիգարխիան մեզանում միշտ անփոխարինելի ընտրական ռեսուրս է եղել։ Օլիգարխներին պատժել-չպատժելը կամ ավելի քաղաքակիրթ՝ քաղաքականությունն ու բիզնեսը միմյանցից տարանջատելը (ինչն իրապես մեր լրջագույն խնդիրներից մեկն է) պայմանավորված է, թե ընտրությունների կազմակերպման ինչ որակներ են կանխագծել իշխանությունները։ Հայաստանում համատարած հոռետեսության, քաղաքացիական ապատիկ վիճակ է, ընտրությունն իբրև արժեք չի դիտարակվում: Սա վատ է՝ նշանակում է երկիրը ժողովրդավարության հետ որևէ աղերս չունեցող կեղծ բանաձևով է ապրում։ Գուցե և լինեն լեգիտիմ ընտրություններ, օլիգարխների նվազ, չերևացող դերակատարությամբ, բայց քաղաքական ամլության պարագայում լեգիտիմությունը միայն իրավական չէ, այստեղ բարոյականության խնդիր էլ կա: Ինչևէ, այս կացության մեջ մեղավոր են թե իշխանությունը և թե ընդդիմությունը։ Այս ծանր բեռից ազատվելու մեջ թե ընդդիմությունը, թե իշխանությունն անելիք ունեն, իհարկե, իշխանության պատասխանտվությունը ավելին է։
Քաղաքացու անհրաժեշտության մասին խոսեցիք, բայց կան գոնե 1000 հոգի, որոնք տեր են իրենց իրավունքին, ինչպե՞ս պետք է ձևավորվեն շատ քաղաքացիներ, ինչպե՞ս դա կարող է վարակիչ դառնալ մյուսների համար:
Թույլ քաղաքացին պատճառների հանրագումար է՝ սկսած մեր ազգային հոգեկերտվածքից, վերջացրած 21 տարիների մեր անկախության պատմությունը. որ շարունակ կեղծված ընտրությունների պատմություն է, զոռբայության, գռփելապաշտության, կաշառակերության, քաղաքացուց ստրուկ ու 10 000-անոց քվեով ծախել-ծախվելու պատմություն է, արդյունքում՝ դավադրությունների համատարած սցենարներով զավթաված իշխանություն, անկախության մեջ երկու սև էջ՝ հոկտեմբերի 27, մարտի 1։ Որքան էլ տարօրինակ, բայց իբրև գլխավոր խնդիր տեսնում եմ ՀՀ քաղաքացու կերտումը. փոփոխություն պարտադրող, իրավունք գիտակցող, հեռանկար տեսնող: Իսկ քաղաքացին տանը նստած չի ձևավորվում։ Իսկապես արժեքների հեղափոխություն է պետք: Ովքե՞ր կլինեն արժեքների հեղափոխության նախաձեռնողները, տեր կանգնողները, մինչև վերջ գնացողները։ Արդյո՞ք այդ իշխանությո՞ւնը, որը գլխավորում է Սերժ Սարգսյանը, այդ հանձնառությունը կիրականացնի: Ժամանակը ցույց կտա։
88-ին տեսնում էր...
Որովհետև 88-ին հայ քաղաքացու ուրիշ տեսակ էինք, 88-ին օրակարգում մեկ խնդիր էր՝ Արցախի անկախության, մեր անկախությունը սկսվում էր Ղարաբաղից, և այնտեղ նվաճված ամեն մի հաղթանակ հզորացնում էր Հայաստանը։ Ազգային համախմբումի ի՛նչ էներգիա կար, իսկ այսօր չունենք այդ համազգային ոգին, մեր այս 22 տարիների պատմության մեջ ներքին պարտությունները շատ են: Վատ է, կռապաշտության միջավայրում ենք ապրում, սպանել ենք բոլոր հերոսներին, լեգենդներին, սպանել ենք հեռանկարի հավատը։ Ուզում եմ հավատալ, որ իշխանությունն անկեղծ ախտորոշման քաջություն կունենա՝ և այնուամենայնիվ առաջին սցենարը կաշխատի։ Ժամանակը ցույց կտա…