«Mediamall.am»  լրատվականը ներկայացնում  է  անցնող օրվա կարևորագույն տեղեկատվությունը.


Կապանի 15 տուժած ընտանիքներն էլ փոխհատուցում կստանան. Սյունիքի մարզպետ

 

Նոյեմբերի 2-ին Կապանի Բաղաբերդ թաղամասի բնակիչներն արթնացել են տարօրինակ ցնցումից: Վթարված է եղել Կապանը սնուցող մայր ջրագիծը, ինչի հետևանքով առաջացել է ցնցում, որը վայրկյաններ անց փոխարինվել է ջրի հսկայական շիթով:

 

Մոտ 20 մետր բարձրությամբ ջրաշիթը վնաս է հասցրել հարակից բնակելի շենքի 15 բնակարանի և առաջին հարկում գտնվող մանկապարտեզին: Բնակիչները հուսահատ վիճակում են՝ բնակարանում մնալն անհնար է, բնակիչներն էլ գնալու տեղ չունեն:

 

Այս կապակցությամբ Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշել է.

 

«Իսկապես, էդ 15 ընտանիքների համար շատ դժվար է, բայց այսօր արդեն վերջնական խնդիրը լուծվեց: 15-ն էլ իրենց գումարները կստանան, իրենց բնակարանները կվերանորոգեն, ես հանդիպեցի իրենց, ասացի, որ նախկին տեսքից մի քանի անգամ ավելի լավ, բարեկարգ բնակարաններ կունենան»:

 

***

 

Ավտովթար՝ Աբովյան-Բյուրեղավան ճանապարհին. կան տուժածներ

 

«ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան նոյեմբերի 4-ին' ժամը 00.30-ի սահմաններում, Աբովյան-Բյուրեղավան ճանապարհի 2-րդ կմ-ին կորցրել է կառավարումը և դուրս եկել երթևեկելի գոտուց:

Պատահարի հետևանքով 30 և 31 տարեկան ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

***

 

Երևանում հոկտեմբերին ծնվել է 2026 երեխա

 

Երևանում նոյեմբերի 3-ին ծնվել է 64 երեխա: Նոյեմբերի առաջին եռօրյայում գրանցվել է 172 ծնունդ:

Հոկտեմբերին մայրաքաղաքում ծնվել է 2026 երեխա, որից 9-ը արտերկրից:

 

***

 

Հայտնաբերվել է Զորակ գյուղի բնակչուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարած երրորդ մասնակիցը. նա հետախուզման մեջ էր շուրջ 5 տարի

 

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության Մասիսի քննչական բաժնում շարունակվում է Զորակ գյուղի բնակչուհի Ռ.Հարությունյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում հայտնաբերվել և որպես մեղադրյալ է ներգրավվել երրորդ մասնակիցը։ Վերջինս հետախուզման մեջ էր գտնվում 2009 թվականից։

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ռ.Հարությունյանի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքով ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի' լույս 17-ի գիշերը։

 

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել էր, որ Էջմիածին քաղաքի բնակիչ Վ.Ունջուղուլյանը, իր մորեղբոր որդի Մ.Լևոնյանից 2009թ. օգոստոսի 15-ին տեղեկանալով, որ իրենց ծանոթ Ա.Հայրապետյանն Արարատի մարզի Զորակ գյուղի բնակչուհի Ռ.Հարությունյանից տոկոսով գումար է վերցրել, և վերջինս շատ գումար, ոսկյա զարդեր ունի, համաձայնության են եկել ավազակությամբ դրանք հափշտակել և բաժանել միմյանց միջև:

 

Ըստ քննության տվյալների՝ Ա.Հայրապետյանը մանրամասն նկարագրել է տուժողի տան տեղն ու դիրքը։ 2009թ. օգոստոսի 16-ի՝ լույս 17-ի գիշերը՝ ժամը 04։30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած դիմակավորված անձինք, պատուհանից մուտք են գործել Ռ.Հարությունյանի տուն և դանակով սպառնացել նրա կյանքին ու առողջությանը, ծեծել, կպչուն ժապավենով փակել բերանը, կապել ձեռքերն ու ոտքերը, ապա հափշտակելով զգալի չափի կանխիկ գումար և ոսկեղեն՝ դիմել փախուստի։

 

Խմբի անդամներից երկուսի՝ Ա.Հայրապետյանի և Մ.Լևոնյանի մասով նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2009 թվականին, իսկ Վ.Ունջուղուլյանի գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառով նրա վերաբերյալ մասն անջատվել էր առանձին վարույթ և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում։

 

Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել Ա.Հայրապետյանին և Մ. Լևոնյանին առաջադրված մեղադրանքները և նրանց մեղավոր ճանաչել՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով՝ դատապարտելով 6 և 8,5 տարվա ազատազարկման։

 

2014 թվականի հոկտեմբերին Ունջուղուլյանը հայտնաբերվել և ներկայացվել է քննությանը։ Հոկեմբերի 24-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով։

 

***

 

Կառավարությունը «Նաիրիտ»-ի ճակատագրի հետ կապված պարզաբանումներ կներկայացնի մեկ ամսից

 

«Նաիրիտ» գործարանի ճակատագրի հետ կապված վերջնական պարզաբանումները կներկայացվեն մեկ ամիս անց, երբ կառավարությունն այդ ուղղությամբ որոշում կկայացնի: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկմանն ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին: «Այլ պարզաբանումներ այս փուլում ես չեմ կարող տալ»,- նշեց փոխնախարարը:

 

Անդրադառնալով գործարանի աշխատակիցների աշխատավարձերի խնդրին՝ փոխնախարարն ասաց, որ դրանք վճարվել են ընկերության կողմից ներգրավված փոխառու միջոցների հաշվին: Փոխառու միջոցները հիմնականում ներգրավվել են Երևան ՋԷԿ-ից՝ նկատի ունենալով, որ անմիջականորեն իրար հետ տեխնոլոգիապես կապված են:

 

***

 

Երիտասարդն ավազակային հարձակում է գործել հոր հետ ամուսնացած կնոջ նկատմամբ

 

Ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Դ. Մարկոսյանին՝ հոր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար:

 

Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, դիտավորությամբ, ավազակային հարձակում կատարելու նպատակով, գնացել է հոր եւ նրա հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ վարձակալած բնակարան և վերջինիցս պահանջել ոսկյա զարդեր:

 

Ստանալով մերժում՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձը հարձակվել է կնոջ վրա, գցել գետին և, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պարանոցից պոկել, հափշտակել է ոսկյա շղթան, ձեռքից հանել 4 ոսկյա մատանի և դիմել փախուստի՝ պատճառելով զգալի նյութական վնաս։

 

Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ բռնության հետեւանքով կնոջ առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ աջ եւ ձախ դաստակների 4-րդ մատների շրջանների արյունազեղումների, աջից՝ 4-րդ մատի հիմային ֆալանգի տեղաշարժով ներհոդային բեկորային կոտրվածքի ձևով:

 

Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ. Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

***
 
 
Սմբատ Ցականյանի վրա կրակած ինքնաձիգի վերաբերյալ նոր մանրամասներ են բացահայտվել
 
 
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 4-ին շարունակվել է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը:
 
 
Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, ամբաստանյալ Դիլհամ Ասկերովն այսօր հրաժարվել է ցուցմունք տալուց՝ նշելով, որ բոլոր ցուցմունքներն արդեն տվել է նախաքննության ընթացքում, որոնք կարող են հրապարակվել դատախազ Կարեն Գաբրիելյանի կողմից:
 
 
Այնուհետև մեղադրող կողմը հրապարակել է այս տարվա սեպտեմբերի 16-ին նախաքննության ժամանակ ամբաստանյալ Ասկերովի ցուցմունքները, համաձայն որոնց, Ասկերովն ընդունել է, որ փորձաքննության արդյունքներով բերված ապացույցները վկայում են, որ ինքն է սպանել Սմբատ Ցականյանին, բայց պատանու սպանության մեջ ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել:
 

Հատկանշական է, որ Ասկերովին պատկանող ինքնաձիգը, որից սպանվել է Սմբատ Ցականյանը, ունեցել է այն զորամասի համարը, որի հետախուզական գումարտակում ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի տարիներին ծառայել է ամբաստանյալը, ով սակայն պատահականություն է համարել այդ փաստը:

 

Այնուհետև դատարանը լսել է տուժողի իրավահաջորդ, սպանվածի հոր՝ Մեխակ Ցականյանի ցուցմունքները, ըստ որոնց, Սմբատ Ցականյանը գումար էր վաստակում միրգ հավաքելու և վաճառելու միջոցով: Անհետանալու օրը նա կրկին գնացել է կեռաս և ընկույզ հավաքելու:

 

Պատանու տարօրինակ ուշացումն անհանգստացրել է ծնողներին, և նրանք սկսել են փնտրել բոլոր հավանական վայրերում, որտեղ կարող էր լինել նա: Երկօրյա ապարդյուն որոնումներից հետո դիմել են տեղի ոստիկանության բաժին, սակայն միայն ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի բացահայտումից հետո է պարզվել, որ պատանին նրանց մոտ է եղել, իսկ ավելի ուշ էլ իմացել են, որ նա սպանված է:

 

Ի դեպ, ձերբակալման պահին դիվերսանտների մոտ հայտնաբերվել է հայկական դրամ ու Ղարաբաղ Տելեկոմի կանխավճարային քարտ, որը նրանք առգրավել էին Սմբատ Ցականյանից: Հոր՝ Մեխակ Ցականյանի ցուցմունքի համաձայն՝ պատանին այդ գումարը հավաքել էր դպրոցական հագուստ և պարագաններ գնելու համար:

 

Նոյեմբերի 4-ի դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել նաև տուժող Վրեժ Բալայանը: Ադրբեջանական հանցագործ խմբի անդամները, կոտրելով նրա տան կողպեքը, գողացել էին անձնագիրն ու զինվորական գրքույկը, վերարկուն, ինչպես նաև հորթը: Նա նշել է, որ անջրանցիկ տոպրակի մեջ դրված փաստաթղթերը կախված են եղել պատին: Տուժող Բալայանն իր փաստաթղթերի անհետանալու մասին տեղեկացել է ոստիկանությունից, երբ արդեն ձերբակալվել էր Դիլհամ Ասկերովը, ում հագած գողացված վերարկուի գրպանից հայտնաբերվել էին կորած փաստաթղթերը:

 

Ասկերովը հաստատել է, որ իսկապես իր գրպանում են եղել այդ փաստաթղթերը, որոնց մասին ինքը տեղյակ չի եղել, քանի որ դրանք խմբի սպանված անդամ Հասանովն է գողացել, և մինչև վերարկուն իրեն հանձնելը գրպանում էր դրել այդ փաստաթղթերը, որոնց գոյության մասին ինքը միայն ձերբակալման ժամանակ է իմացել:

 

Հունիսի 29-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը(ծնված 1968թ.) և ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ' դրանով իսկ կատարելով լրտեսություն:

 

Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումենե կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

 

Կազմակերպված հանցավոր խմբի' ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին' ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում' վնասազեր ծվել:

 

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը ձերբակալվել ու կալանավորվել են:

 

 

***

 

Արտաշատում «Սուզուկի»-ն վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա

 

«Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 3-ին' ժամը 09.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի շենքերից մեկի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա Հասմիկ Վ.-ին և իր մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վ արչությունից, կատարվում է քննություն:

 

***

 

«Ալիևը չի նեղվում, դո՞ւ ես նեղվում, այ Սաքունց». ԵԿՄ

 

Գեներալ - լեյտենանտ Մանվել Գրիգորյանի այն հայտարարությունից հետո, թե Ղարաբաղյան պատերազմի տարիներին իր տանը գերի է պահել, իրավապաշտպան Արթուր Սաքունցը լրատվամիջոցներից մեկով ասել էր, թե ոչ ոք, այդ թվում նաև պատերազմի մասնակիցը, իր տանը գերի պահելու իրավունք չունի։ Իրավապաշտպանի խոսքով՝ դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։

 

Սաքունցի համոզմամբ՝ գեներալի հայտարարությանը պետք է հետևի Կառավարության արձագանքը գեներալին պատասխանատվության ենթարկելու համար։

 

Արթուր Սաքունցի պնդմանը ի պատասխան՝ համատեղ հայտարարություն են տարածել ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահ Ռուդիկ Դավթյանը, ԵԿՄ վարչության անդամ Համլետ Հայրապետյանը, 5-րդ բրիգադի մարտիկ Օհան Գևորգյանը:

 

Հայտարարությունը' ստորև:
«Խոսքի ազատությունը, ասում են, լավ բան է: Համաձայն ենք: Բայց երբեք չի կարող լավ բան համարվել զավզակությունը, էլ չասեմ՝ դավաճանությունը կամ ազգի հերոսների հասցեին բանսարկություն-վայրահաչությունը:

 

Պապից ավելի կաթոլիկ լինելու մղումով որոշ գրանտակեր հայադավներ վայնասուն են բարձրացրել, թե գիտեք՝ Մանվել Գրիգորյանը տանը ռազմագերի է պահել: Այ թուրք, թուրքի պահած-շահած, Ալիեւը չի նեղվում, դո՞ւ ես նեղվում, այ Սաքունց: Զորավարն իր բերանով ասում է՝ գերիներին հարգել ենք, մարդավարի ենք վերաբերվել, չենք թույլ տվել, որ որեւէ մեկը նվաստացնի գերիներին: Մարդն ասում է՝ Կարմիր Խաչով ճանապարհել ենք, գնացել է, հասել իր ընտանիքին, մորը, քրոջը, նշանածին, դուք կաղկանձում եք՝ թե գեներալը համաձայնագրեր է խախտել, գերուն իր տանն է պահել:

 

Այ համբալ, գեներալի տունն այդ տարիներին զորամասն էր, տուն ասելով՝ մարդը զորամասում է պահել: Զորավարը պատերազմի ժամանակ մեկ վայրկյանով չի թողել առաջին գիծը, նույնիսկ հարազատ եղբոր զոհվելուց հետո տուն չի եկել, ուր մնաց՝ գերուն բերեր, այ անհասկացող:

 

Սաքունցի համար հայրենիք դավաճանելը սովորական երեւույթ է: Եթե այդ մարդն ի վիճակի է միջազգային կառույցներին կեղծ զեկույցներ ուղարկել, թե իբր ՀՀ զինված ուժերը խախտում են Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին համաձայնագիրն՝ իրականում թաքցնելով, թե որքան զենք ունեն, էլ ի՞նչ ակնկալենք նման կենդանուց: Այ Սաքունց, քո կեցվածքին հարիր գետինը պառկիր, հողը լիզիր ու մի լավ փիքր արա՝ ում մասին ինչ ես խոսում: Զորավարի մեկ մազն անգամ չարժես: Այ տղա, չափդ ճանաչիր:

 

Մեր գերիների մասին մեկ օր գոնե մտածե՞լ ես: Մենք էլ գերիներ ենք ունեցել, հարկ է եղել՝ հենց պատերազմի ժամանակ փոխանակում ենք արել, ոչ միայն գերիների՝ դիակների փոխանակում էլ ենք արել: Մինչեւ հիմա գերիներ ունենք, որ Ադրբեջանում են, տեղներն էլ չգիտենք:

 

Սաքունցին դարձի բերել, գուցե չհաջողվի, այդ մարդը վաղուց է թաթախված հակահայ գործարքների մեջ, հայրենիքն ուրանալը նրա համար արեւածաղիկ չրթելու պես մի բան է: Բայց կոչ ենք անում լրատվամիջոցներին՝ չընկնել նմանների խելքին, էջերում տեղ չհատկացնել ամեն մի վայրահաչության: Մտածեք, նոր տիրաժավորեք նման դավաճանությունները, եթե չեք կամենում ակամա գործիք դառնալ հայ ազգի թշնամիների ձեռքում»:

 

***

 

Ալեքսանդր Զախարչենկոն պաշտոնապես ստանձնել է ԴԺՀ ղեկավարի պաշտոնը

 

Ալեքսանդր Զախարչենկոն պաշտոնապես ստանձնեց ԴԺՀ ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը'վկայակոչելով Դոնեցկի Երաժշտական և Դրամատիկական թատրոնում անցկացվող երդմնակալության արարողությանը:

 

ԴԺՀ նխագահական և պատգամավորական ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 2-ին: ԴԺՀ-ի ԿԸՀ-ի վերջնական արդյունքների տվյալներով՝ Ալեքսանդր Զախարչենկոն հաղթող է ճանաչվել: Նրա կողմից ղեկավարվող «Դոնեցկի Հանրապետություն» շարժումը նույնպես գրավեց առաջին տեղը: Նրա օգտին քվեարկել է 725 ընտրողներից 662-ը:

 

***

 

Ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վարդերեսյանը մասնակցել է «Սքայփ»-ով «Ուղիղ կապին»

 

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 5-րդ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վարդերեսյանը մասնակցել է «Սքայփ»-ով «Ուղիղ կապին»: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

 

Մեր հայրենակիցները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել ՀՀ-ում հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության, մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների, դրանցից խուսափելու և այդ ուղղությամբ ոստիկանության կողմից տարվող աշխատանքների վերաբերյալ: