Հայաստանի կառավարության հաստատմանն է ներկայացվել «2015-2017 թվականների Եվրամիության փորձարկման ռեֆերենս մեթոդներով ձկան և մեղրի փորձաքննություններ» ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 6-ի նիստի օրակարգում:

 

Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է հանրապետության տարածքում իրականացնել ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հայտնաբերման միջազգային ընդունված հետազոտություններ, տեղական շուկայում և տեղական սպառողներին ապահովել սննդամթերքի անվտագության միջազգային ընդունված չափորոշիչներին համապատասխանող սննդամթերքով:

 

Ծրագրով կստեղծվի ձկան և մեղրի անվտանգ արտադրության և պետական հսկողության ապահովման միջազգային ընդունելի գործելակերպ, որը կապահովի տեղական սպառողների առողջության պաշտպանությունը սննդային վնասակար և վտանգավոր գործոններից: Այն նաև տեղական արտադրության համար ճանապարհ կբացի դեպի եվրոպական և այլ շուկաներ՝ խթանելով տեղական արտադրության ծավալների աճը:

 

Ներկայում ՀՀ-ից Եվրոպական միության երկրներ ձուկ և մեղր չի արտահանվում: Եթե մեղրի համար 2013 թվականին մնացորդային նյութերի հսկողության ծրագիր իրականացվել է, ապա ձկան դեպքում մնացորդային նյութերի պարունակության կամ դրանց քանակական գերազանցման մասին անհրաժեշտ տեղեկատվություն և հիմքեր չկան:

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմինը կազմել և ԵՄ հանձնաժողովի սննդի անվտանգության գրասենյակ է ներկայացրել ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության ազգային պլանը, որը արժանացել է հավանության:

 

Յուրաքան չյուր տարի ակնկալվում և պահանջվում է մինչև տվյալ տարվա մարտի 31-ը ԵՄ սննդի անվտանգության գրասենյակ ներկայացնել նախորդ տարվա մնացորդային նյութերի հսկողության ծրագրի իրականացման արդյունքները, երկրի իրավասու մարմնի կողմից ձեռնարկված գործողությունները և տված արդյունքները: