ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 5-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետագա զարգացման եւ խորացման անհրաժեշտությանը բոլոր ուղղություններով: Նա, մասնավորապես, կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովների, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների խորհրդարանականների առավել սերտ համագործակցությունը: Պետդումայի նախագաhն իր հերթին բարձր է գնահատել երկկողմ դաշնակցային հարաբերությունների ներկա մակարդակը:

 

Հանդիպմանը կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման գործընթացին առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ մինչեւ դեկտեմբերի 23-ը Մոսկվայում անցկացվելիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, փաստաթուղթը կվավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից: Սերգեյ Նարիշկինը պատրաստակամություն է հայտնել հնարավոր սեղմ ժամկետում վավերացնելու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

 

Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը հանդես է գալիս հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Նա բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել հակամարտությունների ռազմական լուծման ցանկացած փորձ:

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՀԱՊԿ-ի, մասնավորապես, ՀԱՊԿ ԽՎ-ի դերն ու նշանակությունը: Նա իր մտահոգությունն է հայտնել, որ որոշ գործընկերներ երբեմն չեն պաշտպանում ՀԱՊԿ-ի իրենց դաշնակիցների դիրքորոշումը: Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է փոխգործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակում:

 

Էդուարդ Շարմազանովը Պետդումայի նախագահի հետ զրույցում նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը եւ Պետդուման կաջակցեն միջոցառումների անցկացման հարցում: