ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր' նոյեմբերի 5-ին, ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կրթական հարցեր:

 

Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին' ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ՀՀ կրթության ոլորտում իրականացրած մի շարք ծրագրերի կապակցությամբ: Մասնավորապես, անդրադառնալով ՀՊՃՀ-ում վերոնշյալ գործակալության աջակցությամբ հիմնադրված Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների գործունեության, նախարարն այդ համատեքստում կարևորել է կրթություն-աշխատաշուկա կապի և ուսանողների ներգրավման և աջակցության խնդիրը:

 

Երկրորդ հարցը, որի մասին խոսել է Արմեն Աշոտյանը, վերաբերել է միջբուհական համագործակցության ընդլայնմանը և զարգացմանը, մասնավորապես, Հայաստանի ազգային ագրարային ակադեմիայի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի գործունեությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Երևանի պետական համալսարանում Ամերիկագիտության կենտրոն հիմնելու գաղափարին: Նախարարի խոսքով' ԵՊՀ-ում արդեն գործում է Եվրոպագիտության կենտրոն, շուտով իր աշխատանքները կսկսի նաև ռուսաց լեզվի կենտրոնը: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև անգլերեն լեզվի կուրսերի անցկացման, դպրո ցներում անգլերենի արտադպրոցական խմբակների ստեղծման անհրաժեշտությանը' ընդգծելով, որ նախարարությունը կարևորում է օտար լեզուների ուսուցումը հանրակրթական դպրոցներում:

 

Արմեն Աշոտյանը հայտնել է, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը մշակել է բուհերին աջակցելու նոր մեխանիզմներ. ներկայումս ամենամեծ ֆինանսական հոսքն ուղղվում է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի միջոցով' արդիականացնելու բուհերի ենթակառուցվածքները:

 

Դեսպան Հեֆերնն անդրադարձել է Հայաստանում Ամերիկյան համալսարանում իրականացվող բակալավրիական կրթության և կրկնակի դիպլոմների տրամադրման խնդրին' նշելով, որ վերջերս տեղի ունեցած բաց դռների օրվան մասնակցել է շուրջ 600 երիտասարդ: Դեսպանը խոսել է նաև ՀՀ-ում միջազգային դպրոցների և Ամերիկյան կենտրոնի գործունեությանը: Ամերիկյան կողմին, մասնավորապես. հետաքրքրել է ՏՏ, գյուղատնտեսական և բիզնես կրթությունը միջին մասնագիտական ոլորտում' այդ համատեքստում կարևորելով կրթություն-աշխատաշուկա կապը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առցանց կուրսերի և լրագրողական կրթության խնդիրներին: