Վրաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Մինդիա Ջանելիձեն խոստացել է չփոխել եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու և ՆԱՏՕ-ին մերձենալու երկրի զինված ուժերի քաղաքականությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Զինված ուժերի զարգացման քաղաքականությունը մնում է անփոփոխ. դա կառավարության և վրաց ժողովրդի ընտրությունն է: Այն կնպատակամղվի եվրատլանտյան կառույցներին ինտեգրացվելուն: Ամեն ինչ կանենք, որպեսզի էլ ավելի մոտենանք ՆԱՏՕ-ին»,-հայտարարել է Ջանելիձեն նոյեմբերի 5-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ:

 

Նրա խոսքով՝ պաշտպանկան գերատեսչությունը կշարունակի համագործակցությունը երկրի ռազմավարական գործընկերների՝ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ:

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախօրյակին հայտարարել է Իրակլի Ալասանիային պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու մասին: Վերջին օրերին Վրաստանի դատախազությունը հայտարարել է պաշտպանության նախարարության պաշտոնյաների նկատմամբ միանգամից երեք քրեական գործ հարուցելու մասին:

 

Առաջին սկանդալը ծավալվել է նախարար Իրակլի Ալասանիայի արտասահմանյան ուղևորության ժամանակ. պաշտպանության նախարարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են առանձնապես մեծ չափերի վատնումների մեղադրանքով:

 

Ալասանիան ինքը նախօրյակին կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարարության դեմ միտումնավոր գրոհի մասին: Նա ասել է, թե իր դեմ քաղաքական պայքար է սանձազերծված և իրեն կարող են ձերբակալել:

 

«Դա հնարավոր մրցակցի և ընդդիմախոսի քաղաքական ոչնչացման փորձ է, քաղաքական սպանության փորձ: Բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Ես կարող եմ ասել բոլոր նրանց, ովքեր դա պլանավորել են՝ չկա այնպիսի մի բան, որով կարելի է ինձ վախեցնել, որպեսզի ես հրաժարվեմ իմ երկրի եվրոպական ինտեգրացման նպատակից»,- հայտարարել է Ալասանիան: