Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նվազեցրել է Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի համաճարակի զոհերի թիվը: Ինչպես ասված է առողջապահության բնագավառում ՄԱԿ-ի հատուկ գործակալության կողմից նոյեմբերի 5-ին տարածված հաշվետվության մեջ, նոյեմբերի 2-ի դրությամբ մահացածների ընդհանուր թիվը 4818 է, վարակված է 13 հազար 42 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Համեմատության համար նշենք, որ նախորդ հաշվետվության մեջ, որը տարածվել էր հոկտեմբերի 31-ին, խոսվում էր մահվան 4951 դեպքի եւ 13 հազար 567 վարակվածների մասին: ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ լուրջ ջանքեր է գործադրում՝ բարելավելու համաճարակի ծավալման վերաբերյալ հավաքվող տվյալների որակը, ինչը կարող է ցուցանիշների նվազեցման բացատրություններից մեկը լինել:

 

Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրների՝ Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային: Այստեղ այդ հիվանդությունից, որի դեմ չկան գրանցված դեղամիջոցներ կամ պատվաստանյութեր, մահացել է 4808 մարդ, վարակված են 13 հազար 15-ը:

 

ԱՀԿ-ն հայտնել է, որ Լիբերիայում նկատվել է վիրուսով վարակվելու դպեքերի նվազում, Սիեռա Լեոնեում՝ վարակվածների թվի աճ, իսկ Գվինեայում իրադրությունը կայունացել է:

 

Նշված երկրներից բացի, վիրուսով վարակվելու եւ մահվան դեպքեր են գրանցվել Նիգերիայում, Մալիում, ԱՄՆ-ում: Մեկական մարդ վարակվել են Սենեգալում եւ Իսպանիայում: Նիգերիայում եւ Սենեգալում վիրուսի բռնկումը պաշտոնապես ավարտված է հայտարարվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: