«+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր, կինոլրագրող, Հայաստանի եւ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ Ռոբերտ Մաթոսյանն «Արմենպրես»-ին է տրամադրել պետական և քաղաքական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանի հետ հարցազրույց:

 

- Վլադիմիր Միհրանի, դուք պետական և կուսակցական ականավոր գործիչ եք: Լինելով հողի, գյուղի ծնունդ, սկսել եք գիտական զոոտեխնիկի մասնագիտությունից, առաջ քաշվել՝ աշխատելով Հանրապետության ամենաբարձր պաշտոններում՝ արտադրության վարչության պետ, կուսշրջկոմի քարտուղար, առաջին քարտուղար, կենտկոմի բաժնի վարիչ, կառավարության նախագահի առաջին տեղակալ, միաժամանակ Պետագրոարդի նախագահ և վերջապես Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ, հետո ԽՍՀՄ գյուղատնտեսության նախարարի տեղակալ։

 

Դուք պատասխանատու պաշտոններ եք վարել և վարում նաև երրորդ Հանրապետությունում: Ավելին դուք անկախ Հայաստանի բանակաշինության ակունքներից եք, եթե ոչ հիմնադիրներից մեկը: Չնայած Ձեր տարիքին' այսօր էլ Դուք մեծ ներդրում ունեք Հայաստանի Հանրապետության կայացման և զարգացման գործում: Հարցադրումս հետևյալն է՝ Ձեզ կենսափորձով և իմաստնությամբ, եթե այսօր պայմանականորեն պատվաստեինք նախկին և արդի կացութաձևերը, կարճ ասած' հասարակարգերը, ի՞նչը կվերցնեիք Ձեզ հետ նախկին արտադրամարդկային հարաբերություններից այսօրվա համար: Երբ ինքներդ ձեզ հետ միայնակ եք մնում չեք ափսոսո՞ւմ, որ իզո ւր ամեն ինչ հիմնահատակ ավերվեց, ինչո՞ւ մեր երկրի հիմքերը մեղմ ասած ճիշտ չդրվեց և այստեղ կա՞ արդյոք վրիպում նաև ձեր կողմից:

 

- Նախ ուզում եմ սկսել Ձեր վերջին ակնարկից: Հասարակության որոշ շրջաններում այն կարծիքը կա, որ Հայաստանում իշխանափոխությունը կատարվել է առանց դիմադրության: Մեզանում կան մարդիկ, որոնք հաշվի չառնելով օբյեկտիվ իրողությունը, հետին թվով խոսում են, գրում, նույնիսկ մեղադրանքներ ներկայացնում Հայաստանի կոմկուսի ղեկավարությանը այդ հարցում, համառորեն չգիտակցելով, որ իշխանափոխության իրողությունը «առանց դիմադրության» միայն հայաստանյան երևույթ չէր, այլ' ընդհանուր, որը կանխելը նրանց ուժերից և հնարավորություններից վեր էր: Երբ ես 1990 թվականի ա պրիլին ընտրվեցի առաջին քարտուղար, Մոսկվան վաղուց արդեն գործնական քայլեր էր կատարում իշխանությունը ընդիմությանը հանձնելու համար:

 

Այսօր հետին թվով մեղադրել Հայաստանի կոմկուսի ղեկավարությանը այդ հարցում, առնվազն անբարո է: Ընդհակառակը, պետք է դրականապես արձանագրել, որ Հայաստանի կոմկուսի ղեկավարությունը իմաստնություն ունեցավ խուսափելու ճակատագրական առճակատումից: Անձամբ ես հպարտ եմ, որ կարողացա մեր ժողովրդին զերծ պահել արյունահեղությունից: Տարածված է նաև այն կարծիքը, թե ինչու շատ միութենական հանրապետություններում իշխանության գլուխ մնացին կոմունիստական կուսակցության նախկին քարտուղարները (Նազարբաև, Լուկաշենկո), իսկ Հայաստանում' ոչ: Մեկ պարզ հասկանալի պատճառով. Հայաստանի ոչ մի կոմունիստ ղեկավար իշխանության գլուխ երկար մնալ չէր կարող, եթե չկարողանար լուծել Ղարաբաղի հիմնահարցը: Տրամաբանությունը հետևյալն էր. «Ղարաբաղը Ադրբեջանին տրվել է կոմունիստ ղեկավարների կողմից, նրանք էլ պարտավոր էին այն վերադարձնել»: Հասկանալի է, ինչպես վերը նշվեց, և Մոսկվան, և Արևմուտքն ամեն կերպ խոչընդոտելու էին Ղարաբաղի հիմնահարցի արդարացի լուծմանը:

 

Նույնպես անբարոյականություն է, շինծու և մտացածին մեղադրանքներ հնչեցնել կոնկրետ մարդկանց հասցեին, թե իբր գործարքի մեջ են մտել իշխանությանը հավակնող քաղաքական ուժերի հետ: Ես երբեք գործարքի մեջ չեմ մտել սեփական խղճիս հետ, անվերապահորեն ծառայել եմ իմ ժողովրդին ու ծառայելու եմ հետայսու:

 

Ես հպարտ եմ, որ կարողացել եմ Հայաստանի տարածքից Ադրբեջանի կողմից զավթած ավելի քան 14.5 հազար հեկտար հող հետ բերել, ընդունել, տեղավորել և տնավորել եմ կես միլիոն հայ փախստականների։ Խորհրդային իշխանության փլուզման ժամանակ ժողովրդին զերծ պահել արյունահեղությունից, Լեռնային Ղարաբաղում կառուցել և վերականգնել 2 հազար 837 տուն, իրենց պապենական հողում վերաբնակեցնելով շուրջ 37 հազար փախստականի՝ նախկին արցախցիների: Այս ամենն ինքնագովերգության և փառասիրության փորձ չէ, այլ հարազատ ժողովրդին ծառայելու, իմ համեստ լուման ներդնելու վկայություն:

 

Ինձ համար մեծ պատիվ է, որ եղել եմ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, երբևէ չդավաճանելով դավանանքիս: Ավելին ասեմ, որ Մ. Գորբաչովը Հանրապետության այն շիկացած օրերին ինձ մի քանի անգամ ստիպում էր, (իբր Կուսկենտկոմը պահպանելու նպատակով) Վոլգոգրադից և Կույբիշևից 28 հազարանոց ռազմական դեսանտ իջեցնել Հայաստան: Կատեգորիկ մերժեցի: 1990թ. ապրիլի 12-ին ինձ հրավիրեցին Մոսկվա, որտեղ պաշտպանության նախարար Դ. Յազովը, ՊԱԿ-ի նախագահ Վ.Կրյուչկովը և ՆԳ նախարար Վ. Բակատինն առանձնազրույցի ընթացքում շատ սուր և միանշանակ խնդիր դրեցին' հանրապետություն զորք մտցնել, Հայաստանում և ԼՂԻՄ-ում զինաթափել բոլոր ազատամարտիկներին և կայունացնել վիճակը: Ես առարկեցի և մի քանի հակընդեմ հարցեր ներկայացրեցի:

 

Առաջին հարցը, թե ե՞րբ կվերացվի Հայաստանի շրջափակումը, երկրորդը' ե՞րբ կվերականգնվի Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի միջև խորտակված ԽՍՀՄ պետական սահմանը և երրորդը' ե՞րբ կապաշրջափակվի Ղարաբաղը և կվերականգնվի օրինական իշխանությունը: Ասացի. «տվեք այդ երեք հարցերի պատասխանը, և ես կստորագրեմ»: Նրանք ասացին, որ չեն կարող միանշանակ տալ այդ հարցերի պատասխանը: «Այդ դեպքում' ինձ մի շփոթեք ոչ Ադրբեջանի, ոչ Վրաստանի նախկին ղեկավարների հետ: Ես չեմ կարող նման փաստաթուղթ ստորագրել, որովհետև այն կարող է բերել հայ-ռուսական ընդհարումների: Եթե դուք ուզում եք գնալ դրան, ապա գնացեք ինքներդ, առանց իմ համաձայնության»: Փաստաթուղթը չստորագրվեց:

 

Եթե ես համաձայնեի զինաթափել հայ ժողովրդին, ապա չեմ կարող ասել, թե ինչպիսի արդյունք կունենար մեր ազգային ազատագրական պայքարը, ինչպիսին կլիներ ԼՂՀ-ի ճակատագիրը: Ավելին, սա գրելու համար չեմ ասում: Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ ես «աչք եմ փակել» նաև մեր ժողովրդի զինվելու հարցում: Դա բանակաշինության առաջին ծիլերն էին:

 

- Տրամաբանական հարց է առաջանում. Գորբաչովյան թիմը կարո՞ղ էր արդյոք գործողությունների ընթացքը այդպես չսրել և ուղղորդել այնպես, որ Խորհրդային Միությունը չփլուզվեր, այլ վերափոխվեր:

 

- Առանց տատանվելու, միանշանակ պատասխանում եմ. այո՛, կարող էր, եթե Գորբաչովի թիմը'

 

1. Փոխանակ համակարգի վերնաշենքը ջախջախելու, ձեռնամուխ լիներ համակարգի բազիսի արմատական վերակառուցմանը, լիովին ազատականացներ տնտեսությունը՝ սեփականության բազմակացութաձևության, ազատ ձեռներեցության և շուկայական հարաբերությունների հիմքի վրա: Նախադեպը' Չինաստան, Չիլլի…

 

2. Լուծեր ազգային հարցը, ԽՍՀՄ-ը դառնար իրապես ազատ և անկախ պետությունների համադաշնություն, որի մեջ յուրաքանչյուր ազգային պետություն ունենար միջազգային չափանիշներով ճանաչված բոլոր իրավունքները: Օրինակ' Եվրամիություն, Եվրախորհրդարան:

 

3. Կոմունիստական կուսակցությունը հրաժարվեր քաղաքական ու գաղափարական մենաշնորհից, դառնար սուվերեն պետությունների ինքնուրույն կոմկուսների միություն:

 

- Վլադիմիր Մովսիսյանը Հայաստանի ղեկավարներից միակն է ով խաղաղ պայմաններում ահաբեկման է ենթարկվել հայկական տարածքները ադրբեջանցիներից պաշտպանելու համար: Դա հայ մարդու հպարտ և աներեր կեցվածք է,- գրել է պատմաբան Ստեփան Պողոսյանը: Ես նույնպես գիտեմ, որ խոսքը վերաբերում է 1984 թվականի Նոյեմբերյանի շրջանում տեղի ունեցած հանրահայտ միջադեպին, որը ժամանակին մեր հանրապետությունում առասպել էր դարձել: Նոր սերունդը, այս մասին պատկերացում անգամ չունի, եթե կարելի է փոքր-ինչ մանրամասն ինֆորմացիա տվեք:

 

- Այդ պատմությունը կարճ պատմել դժվարանում եմ: Փորձեմ: Ես շնորհակալ եմ ճակատագրից, որ ինձ հնարավորություն է տվել այդքան թանկագին հայոց հողի վրա ոչ միայն աշխատել, այլ նաև դժվարին պայքար մղել Հայաստանին վերադարձնելու հարևան հանրապետության կողմից անաղմուկ նվաճած մի քանի հազար հեկտար հողատարածությունը:

 

Նախ պետք է ասեմ, որ ադրբեջանցիները առանձին մոլեռանդությամբ են վերաբերվում հողային հարցին, որովհետև պապենական հողեր չունենալով, զավթել են ուրիշի հողերը և դրանք չկորցնելու համար պատրաստ են ամենածայրահեղ միջոցների: Եվ այդ մղումով էլ, 20-ական թվականներից սկսած, ամեն տարի, մինչև 80-ականները, քայլ առ քայլ, մետր առ մետր, հողակտոր առ հողակտոր Հայաստանի սահմանամերձ տարածքներից հողեր էին զավթել, նույնիսկ այդ տարածքներում տներու գերեզմանոցներ հիմնել:

 

Հաշվի առնելով երկու հանրապետությունների միջև սահմանային վեճերի առկայությունը ԽՍՀՄ կառավարության նախագահի տեղակալ Զիա Նուրիևը 1982 թվականի ապրիլի 28-ի N 1197 գրությամբ հանձնարարել էր երկու հանրապետությունների կառավարությունների ղեկավարներին սահմանային վեճերի հարցը կարգավորել և պատասխանել: Եվ քանի որ այդ գործը և փաստաթղթերի կազմումը ինձ էր հանձնարարված, ես պատասխան նամակ ուղարկեցի, շարադրելով ստեղծված իրավիճակի պատճառները: Նշվեց, որ նախկինում, հատկապես 1969թ., այդ հարցը երկու հանրապետությունների կառավարությունների կողմից քննարկվել էր, սակայն ստեղծված հավասարահիմունքային հանձնաժողովները ընդհանուր համաձայնության չէին եկել և գործը ավարտին չէին հասցրել:

 

1984 թվականի հոկտեմբերի 22 ին Մոսկվայից զանգեց Կարեն Սերոբի Դեմիրճյանը և ասաց, որ հանդիպել է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովին և պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի Դովեղի անտառից ադրբեջանական Քյամառլու գյուղ տարվող անօրինական ջրատարի շինարարական հարցը տեղում ուսումնասիրվի: Ադրբեջանցի կոլեգա Ռասիզադեի հետ մեկնեցինք Նոյեմբերյան: Նա ամբողջ ճանապրհին ինձ ասում էր, որ Ղազախի շրջանի Քյամառլու գյուղում վիճակը շատ ծանր ու լարված է: Ի դեպ, ինչպես հետագայում պարզեցի, մեր գնալու նախօրեին հենց ինքն էլ գնացել ու ամբոխին գրգռել էր մեր դեմ: Այն, ինչը մշտապես բնորոշ է եղել նրանց:

 

Երբ մենք աղբյուրից բարձրացանք անտառի բացատը, չորս կողմից մի հսկայական ոհմակ՝ զինված մահակներով ու այլ գործիքներով հարձակվեցին մեզ վրա, մեքենան գլխիվար շուռ տվեցին, ապա նորից կանգնեցին անիվների վրա և մեզ դուրս քաշելով, առաջինը մի թեթև հարված հասցրին Ռասիզադեին, ավելի ճիշտ նրա փեշերին, թե իբր դու եկել ես մեր հողերը ուրիշին տալու, այնուհետև հայերիս առանձնացրին (ինձ հետ էին նաև Նոյեմբերյանի 2րդ քարտուղար Ռ. Մամյանը և գյուղվարչության պետ Ս. Ամիրխանյան) բերեցին Քյամառլու տանող ճ անապարհի խաչմերուկը և այդտեղ մեր դեմ դուրս եկան հինգ բեռնատար մեքենաներ, որոնց թափքում, մահակնեով, եղաններով, կացիններով զինված մարդիկ էին, մոտ 250 հոգի, մեծ մասը վայնասուն բարձրացնող կանայք: Սկսվեց մի խայտառակ իրարանցում, ծեծկռտուք: Լուրջ մարմանկան վնասվածքներ ստացա: Այդպես բռնի ուժով մեզ նստեցրին բեռնատարների խցիկներում, թափվող քարերի, մահակների ու բռունցքների հարվածների տակ, ոռնոցով ու աղաղակով բերեցին իրենց գյուղի ակումբ, բարձրացրեցին բեմ և հայտարարեցին, որ մեզ այստեղից բաց չեն թողնի մինչև փասթաթուղթ չստորագրեմ, որ այդ հողերը ադրբեջանակն են: Սեղանին դրեցին թուղթ, գրիչ և կացին: Դե կացինը նրանց արյան մեջ է: Մեր գյուղում ժամանակին ադրբեջանցիներ էին ապրում:

 

Դեռ փոքր հասակից ես տիրապետել եմ իրենց լեզվին և հենց ադրբեջաներեն ասացի, որ այդ հարցերը այստեղ չեն լուծվում: Ձեր բարբարոսություններին ծանոթ եմ, ինչ էլ անեք, միևնույն է, ես թուղթ չեմ ստորագրելու: Եվ այդպես երեքուկես ժամ շարունակ: Կատարվածի համար ես մեղադրեցի իրենց Ղազախի Կուսշրջկոմի առաջին քարտուղարին և Ռասիզադեին: Ասացի, որ այս ամենի համար իրենք պատժից չեն խուսափելու: Դրանից ահաբեկված, նրանք անմիջապես ժողովրդին հանդարտեցրին և մենք վերադարձանք Նոյեմբերյան: Կարճ ասած, այս միջադեպը արտառոց էր Խորհրդային Միությունում և հարցը հասավ մինչև ՍՄԿԿ քաղբյուրո: Ինձ հրավիրեցին միության երկրորդ դեմքի՝ Լիգաչովի մոտ: Այդ ընթացքում խիստ հանձնարարություններ էին ստացել նաև միութենական ներքին գործերը, պետական անվտանգությունը, դատախազությունը:

 

Մի խոսքով' դրանից հետո Հայաստան եկավ Բաղիրովը և Ադրբեջանի կառավարության նախագահը, կատարվածի համար ներողություն խնդրեցին: Այսպիսով, վերահաստատվեցին իրական սահմանները: Հայաստանը ետ ստացավ 14 450 հա հողատարածք։ 1988թ. հունվարի 12-ին ստորագրեցինք համատեղ արձանագրություն, որը հաստատվեց Ադրբեջանի կառավարության նախագահի առաջին տեղակալ Մ. Մամեդովի և իմ կողմից' որպես Հայաստանի կառավարության նախագահի առաջին տեղակալ: Ուշադրության է արժանի այդ փաստաթղթի 8-րդ կետը, որը ազդարարում է. «Հանձնարարել երկու հանրապետությունների հողաշինարարական ծառայություններին այսուհետև հողօգտագործողների միջև հողային վեճերի քննարկման ժամանակ որպես իրավական հիմք ընդունել միայն երկու հանրապետությունների հավասարահիմունքային հանձնաժողովների սխեմաները և արձանագրությունները»: Այսինքն' ստեղծվեց մի փաստաթուղթ, որն առհավետ, անժամկետ ամրագրում էր մեր հողային սահմանների անձեռնամխելիությունը և պատկանելիությունը: Եվ այդ ամենը մի տեսակ հեռավոր ուրվականներ էին Արցախյան ազատամարտի իրադարձությունների շեմին: Եվ իզուր չէ, որ շատերը կես կատակ, կեսլուրջ ասում էին, որ Ղարաբաղյան շարժումը Նոյեմբերյանից է սկսվել:

 

- Ձեր հուշագրությունում ասում եք, որ Հայաստանում հարցերի հարցը հողն է: Հողը, գյուղտեխնիկան ժամանակին սեփականաշնորհվեց, ցավոք այսօր գյուղտեխնիկան գրեթե ոչնչացված է, իսկ հողը հիմնականում մշակող չունի: Փաստ է որ հազարավոր հեկտարներ անմշակ են և մոլախոտերով պատված, ելքը ո՞րն է:

 

- Ինչ խոսք, հողային բարեփոխումներն անհրաժեշտ էին: Դեռևս 1989 թվականին ՀԿԿ Պլենումում, ես հայտարարեցի, թե գյուղը ապագայում առավել զարգանալ չի կարող, որովհետև գյուղացին, հողագործը գյուղատնտեսական մթերքներ է արտադրում, սակայն երկու հիմնահարցում ընդհանրապես ոչ մի ֆունկցիա չունի: Նախ, հողը նրա սեփականությունն չէ, այսինքն' ինքն արտադրական միջոցների սեփականատերը չէ և, ամենակարևորը, նա չի մասնակցում արտադրանքի բաշխմանը: Պետությունն իր սահմանած գներով նրանից (այն էլ ոչ ուղղակի) մթերքներ է գնում: Այսինքն' գյուղացին ոչ հողի տերն է, ոչ էլ արտադրանքÕ «: Եվ այս կրկնակի անտերության պայմաններում պահանջվում էին հողային բարեփոխումներ: Այո, բարեփոխումներ, բայց մի՞թե այն ձևով, ինչ 1990 թվականից ի վեր կատարվեց մեզանում: Իմ կարծիքով, պետք է ստեղծվեին մասնավոր ապրանքային կոոպերատիվներ, ընկերություններ, ասոցիացիաներ և այլն: Նրանց մեջ կարող էին մտնել և սպառողական կոոպերացիան, և մեքենայացման, սպասարկումների, և վերամշակման ու մթերումների ոլորտները, իհարկե, մասնավոր շուկայական փոխհարաբերություններով:

 

Ի դեպ շուկայական հարաբերությունների մասին, որ այսքան աղմկում են և համարում են տնտեսության զարգացման միակ լծակը, խաբեություն է, որի հետ չի կարելի համաձայնել: Եթե շուկայական հարաբերությունները երկրի տնտեսական զարգացման միակ ուղին է, ապա ինչու, ասենք, Սոմալին չի զարգանում, կամ' Եթովպիան: Այսինքն' տնտեսության զարգացումը ենթադրում է մի ամբողջ շարք բարդ խնդիրների համալիր լուծում, որի մեջ ներառված է նաև շուկան:

 

Այդ ամենը վերլուծելու համար մի քանի հարցազրույցն էլ չի բավարարի, միայն կարող եմ ասել, որ գյուղի և գյուղատնտեսության նկատմամբ քաղաքականությունը կտրուկ պետք է փոխվի:

 

- Հաճախ են ասում, որ կոմկուսի ղեկավարների վարած քաղաքականությունը թելադրվում էր կենտրոնից, Մոսկվայից, և ոտնահարվում էր ազգային շահերը: Դուք ի՞նչ կասեիք:

 

-ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարները պատկանում էին կոմունիստների այն կարգին, որոնց նպատակն էր սոցիալիստական գաղափարների կենսագործման ճանապարհով ավելի ծաղկուն դարձնել Հայաստանը, բարեկեցիկ դարձնել հայ ժողովրդի կյանքը: Նրանք, իրոք, այն գործիչներից էին, որոնց գերագույն նպատակը Հայաստանն էր ու հայ ժողովուրդը: Մինչև կյանքի վերջը նրանք հավատարիմ մնացին իրենց դավանանքին: Ցավոք այսօր որոշ գրչակներ, քաղաքական շահերից ելնելով, ամեն առիթով փորձում են ուրանալ Խորհրդային Հայաստանի ակնառու հաջողությունները տնտեսական և հոգևոր ոլորտում, նսեմացնել հանրապետության ղեկավարության ազգանպաստ գործունեությունը: Անվերապահորեն մերժում և դատապարտում եմ նմանատիպ քաղաքական շահարկումներն ու զրպարտանքներն:

 

Մի փոքրիկ թվարկում: Վերջին շրջանի քարտուղարներ Յակով Զարոբյան (որի օրոք 1965 թվականին ազգային զարթոնք ապրեցինք, և եղեռնի հուշարձանը կառուցվեց), Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան, նրանց օրոք Հայաստանը ծաղկուն երկիր դարձավ: Ի դեպ միջանկյալ ձևով ասեմ 90 ականներին երբ ես Հանապետության առաջին դեմքն էի, Անտոն Քոչինյանը հաճախ էր գալիս ինձ մոտ խորհուրդներ տալիս, որ ծայրահեղությունների չդիմեմ: Ինչպես վերն ասացի, այն ժամանակ առկա էր քաղաքացիական բախումների վտանգը: Գրեթե բոլոր առաջին քարտուղարները անձնականը զոհաբերել են հանուն մեր ժողովրդի: Սա շատ ուսանելի փաստ է, և ուրանալ չի կարելի։

 

- Մի քանի խոսք ձեր նախնիների, մանկության, ծնողների մասին:

 

- Պապերս Մուշից են, տատերս' Կարսից: Ցեղասպանության արհավիրքից փրկվել և հանգրվանել են Սպիտակի շրջանում՝ ներկայիս Լոռու մարզում: Ծնողներս ինձ աշխարհ են բերել Շենավան գյուղում 1933 թվականի նոյեմբերի 12-ին: Սովորել եմ գյուղի 7-ամյա դպրոցում և ավարտել այն ժամանակ, երբ Հայրենական մեծ պատերազմը նոր էր վերջացել: Հայրս շատ իմաստուն մարդ էր, նա մշտապես կրկնում էր, որ այս աշխարհում հաշվի են նստում 2 գործոնի հետ, խելքի և ուժի: Սակայն առաջնությունը խելքին էր տալիս: Գյուղի յոթնամյան ավարտելուց հետո, հայրս իմ կամքին հակառակ բերեց Սպիտակի համար 2-րդ դպրոց: Երեք տարի ամեն օր 7 կիլոմետր կտրելով, ոտքով գալիս էի Սպիտակ դասի ու նորից 7 կիլոմետր հաղթահարելով վերադառնում էի գյուղ:

 

Ինչպես ասացի մեր գյուղի բնակիչները հիմանկանում մշեցիների և կարսեցիների հետնորդներ են, գյուղում նաև 30 ադրբեջանցի ընտանիք կար: Ազգամիջյան որևե կոնֆլիկտ կամ գժտության դեպք չեմ հիշում: Ու թեև իրար նկատմամբ միշտ հարգալից էին, սկայն խառն ամուսնություն երբեքչի եղել: Այնպես որ հայերենին և ռուսերենին հավասար տիրապետում եմ նաև ադրբեջաներենին: Ձերընթերցողներին ասեմ, որ գյուղում կինո էինք գնում բնամթերքով: Ոչ թե էժանագին սերիա լներ էինք նայում, այլ ռազմահայրենասիրկան դաստիարակություն սերմանող լավագույն ֆիլմեր: Ավարտել եմ Երևանի Զոովետ ինստիտուտը, դասախոսություններ երբեք չեմ գրել, ապավինել եմ հիշողությանս, որը փառք Աստծո ինձ մոտ արտառոց բնույթ է կրում: Այնպես որ, ինչ կարդացել ու լսել եմ մինչև հիմա հիշում եմ: Մշտապես անվանական թոշակ եմ ստացել, պարապել ռազմական բազմամարտով:

 

Թոշակս խնայելով, երբեմն, ծնողներիս եմ ուղարկել: Հետագա գործունեությունս շատ տարողունակ է , դժվար է մեկ երկու նախադասությամբ ներկայացնել: Միայն շեշտեմ, որ այն տաժանակիր օրերը, որ ապրեցինք Սպիտակի երկրաշարժի ժամանակ, երբեք չեմ մոռանա: Ազգային մեծ ողբերգության հետ մեկտեղ ես ունեցա նաև անձնական ողբերգություն: Դուք գիտե՞ք, որ միայն իմ հարզատներից և բարեկամներից զոհվել են 56 հոգի, այդ թվում նաև եղբայրս՝ Խորեն Մովսիսյանը: Առանձին գրքերի նյութ կարող են դառնալ, Ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը, փախստականների տեղավորումը, որոնց գործնական մասնակիցն ու կազմակերպիչներից եմ եղել:

 

- Ձեր բազմամյա կենսափորձից ելնելով, ինչպիսի հրատապ խնդիրներ ու անելիքներ կան, որոնք կցանկանայիք, որպեսզի մեր իշխանություների ուշադրությանը հրավիրել:

 

- Մինչ հարցին պատսխանելը ասեմ, որ ազատությունից մինչ անարխիա մեկ քայլ է միայն: Ես հավատում եմ մեր ժողովրդի բանականությանը և իմաստությանը, որ այդ քայլը՝ ռուբիկոնը, նա երբեք չի անցնի: Իսկ ինչ մնում է ձեր հարցին, պատասխանեմ. անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել քաղաքացիական հանդուրժողականության և ազգային միաբանության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ: Կտրուկ քայլերի դիմել աղքատության նվազեցման, գործազրկության կրճատման և արտագաղթը կանխելու համար: Պետք է ջանքեր գործադրել մենաշնորհների վերացման ուղղությամբ:Չի կարելի հասարակությունը ազատականացնել, իսկ տնտեսությունը մոնոպոլիզացնել։

 

 

Ռոբերտ Մաթոսյան