ՀՀ ԳԱԱ-ում նոյեմբերի 6-ին «Միգրացիոն կամուրջներ Եվրասիայում» ծրագրի շրջանաներում իր աշխատանքն է սկսել «Միգրացիայի դերը Եվրասիայի ուղարկող եւ ընդունող երկրների սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական զարգացման գործընթացում. Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններ» խորագրով 6-րդ միջազգային գործնական գիտաժողովը: Այն մեկնարկել է նոյեմբերի 5-ին' Մոսկվայում, եւ շարունակում է աշխատանքը Երեւանում' նոյեմբերի 6-ին եւ 7-ին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, գիտաժողովին մասնակցում են ավելի քան 40 մասնագետներ Ռուսաստանից, Պորտուգալիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Մեծ Բրիտանիայից եւ Հայաստանից:

 

Գիտաժողովն անցկացնում ՀՀ ԳԱԱ-ի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտը, Ժամանակակից սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցը եւ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտը:

 

Գիտաժողովի նպատակներն են աշխատանքային միգրացիայի հարցերի հետազոտման եւ գործնական կարգավորմամբ զբաղվող գիտնականների, փորձագետների, գործնական աշխատողների միավորւմը, փորձագիտական գնահատումը եւ աշխատանքային միգրացիայի արդյունավետ գործնական կարգավորման մեխանիզմների ինտեգրումը միգրացիոն քաղաքականության մեջ, աշխատանքային միգրացիայի հետազոտման բնագավառում միջազգային ցանցի զարգացումը:

 

Գիտաժողովի շրջանակներում կազմակերպվելու են 9 կլոր սեղաններ:

 

Հայաստանի բնակչության արտահոսքի ծավալները բավականին լուրջ են եւ այդ պատճառով Հայաստանում միգրացիայի խնդիրները, միգրացիոն հոսքերի կարգավորման հարցերը ոչ միայն գիտական, այլ նաեւ էական քաղաքական եւ ռազմավարական նշանակություն ունեն: Հայաստանը մտել է Մաքսային միություն եւ ինտեգրվելու է Եվրասիական միությանը:

 

Դա իր հերթին ստեղծում է նոր քաղաքական եւ սոցիալ-տնտեսական պայմաններ հետագա զարգացումների համար: Ակնհայտ է, որ կձեւավորվի նոր միգրացիոն տարածք' այդ թվում եւ հայ աշխատանքային միգրանտների համար: Այս մասին ն շում են միջազգային գիտաժողովի մասնագետները:

 

Գիտաժողովը կազմակերպված է ՀՀ Գիտութունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի, Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի, ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի (UNFPA), Միգրացիայի միջազգային կազմակերպության, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի աջակցությամբ: