Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց նոր ստեղծվելիք նախարարության՝ ԱԻ և Տարածքային կառավարման նախարարությունների միավորման մասին: Նոր նախարարությունը կանվանվի «Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն»:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե ինչ նպատակով է ձևավորվում նոր նախարարությունը:

 

«Այդ բարեփոխումների քաղաքականությունը նույն Էկոնոմիկայի նախարարությունը կարող է իրականացնել: Եթե խոսքն իրավական համակարգի բարեփոխումների մասին է, դա էլ Արդարադատության նախարարությունը շատ հանգիստ կարող էր իրականացնել, եթե կադրի խնդիր ունեն, կարող են նախարարներին փոխել: Ես չգիտեմ, թե որ տրամաբանության շրջանակում են դա իրականացնում: Ինչ վերաբերում է երկու նախարարության միացնելուն, դրանք շատ հանգիստ կարող են իրար հետ միավորվել: Լիազորությունների մի մասն, ընդ որում, կարող է փոխանցվել ոստիկանությանը: Միանշանակ կարծում եմ, որ մի քանի նախարարություն կարող են կրկին միավորել»,- ասաց նա:


Կուսակցության փոխնախագահն, անդրադառնալով հնչող այն տեսակետներին, թե նախարարությունների միավորման պատճառ կարող էր լինել նաև այն, որ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում համապատասխան կադրի պակաս կար, ասաց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանում անփոխարինելի պաշտոնյաներ գոյություն ունեն, կարելի է գտնել համապատասխան պաշտոնյա, չեմ կարծում՝ այստեղ խնդիրը կադր չգտնելն է»: