Վրացի միլիարդատեր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հաստատել է, որ շուտով որպես հաղորդավար կհայտնվի հեռուստաեթերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է newsgeorgia.ru-ն, Իվանիշվիլին ամեն շաբաթ երեք փորձագետների հետ վերլուծելու է ընթացիկ իրադարձությունները, որպեսզի, նրա խոսքերով, օգնի հասարակությանը հասկանալու ստեղծված իրավիճակը: «Դա վերլուծական հաղորդում է լինելու, և կիրակի օրերին ես հանդես եմ գալու համահաղորդավարի դերում և երեք փորձագետների հետ վարելու եմ հաղորդումը: Հասարակությանն այժմ պակասում է ճիշտ վերլուծությունը, և մենք նրան կօգնենք ստանալու հանրապետությունում ծավալվող իրադարձությունների ճիշտ պատկերը»,-նշել է Իվանիշվիլին:

 

ԶԼՄ-ների տվյալներով՝ Իվանիշվիլիի մասնակցությամբ հաղորդումը կհեռարձակավի «GDS TV»-ի եթերով, որի սեփականատերը Իվանիշվիլիի որդին է' ռեփ երգիչ Բեռա Իվանիշվիլին:

 

Իվանիշվիլիի կարծիքով, այսօր Վրաստանի հասարակությունը ճիշտ ինֆորմացիա չի ստանում: «Այժմ աննախադեպ իրավիճակ է ստեղծվել: Իշխանությունը չունի սեփական հեռուստատեսությունը, ինչը շատ լավ է, սակայն կա «Ռուսթավի 2»-ը, որը «Ժողովրդական շարժման» քարոզչություն է իրականացնում, կան նաև մասնավոր հեռուստաընկերություններ, որոնք ճիշտ տեղեկատվություն չեն մատուցում: Մեզ մոտ բացակայում է ճիշտ, որակյալ վերլուծությունը»,-հայտարարել է Իվանիշվիլին: