Իրանի եւ «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն ու Գերմանիան) միջեւ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագիրը փաստորեն համաձայնեցված է, բացի պատժամիջոցների չեղարկման հարցից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 10-ին հաղորդել է Կոմերսանտ»-ը:

 

Ինչպես հրատարակությանը հայտնել է ռուսական դիվանագիտական մի աղբյուր, չլուծված է մնում, ըստ էության, «միայն մեկ հարց՝ պատժամիջոցները հանելու ընթացակարգը, փաստորեն համաձայնագրի բոլոր տեխնիկական մանրամասներն արդեն համաձայնեցված են, մնում են որոշ տարաձայնություններ, բայց դրանք բոլորն էլ լուծելի են քաղաքական կամքի առկայության դեպքում»:

 

Աղբյուրը պարզաբանել է, որ Իրանը ցանկանում է պատժամիջոցների ամբողջական չեղարկում համաձայնագրի հրապարակման օրը:

 

Մինչդեռ, նրա խոսքով, այդ տարբերակն անիրատեսական է: «Կան միակողմանի պատժամիջոցներ, կան միջոցներ, որոնք ձեռնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Դրանց չեղարկման գործընթացը որոշակի ժամանակ կպահանջի»,- նշել է թերթի զրուցակիցը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: