Իսպանիայի Կատալոնիայի մարզի անկախության օգտին նոյեմբերի 9-ին անցկացված հարցման ընթացքում քվեարկել է քաղաքացիների ավելի քան 80 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է El Mundo-ն:

 

Քվեաթերթիկներում եղել է երկու հարց՝ «Ցանկանո՞ւմ եք դուք արդյոք, ոոր Կատալոնիան դառնա պետություն» եւ, հաստատական պատասխանի դեպքում՝ «Ցանկանո՞ւմ եք արդյոք, որ այդ պետությունը լինի անկախ»:

 

Երկու հարցին դրական է պատասխանել քվեարկածների 80,72 տոկոսը կամ մեկ միլիոն 640 հազար մարդ: Սեփական պետականության օգտին, բայց առանց Իսպանիայից անջատվելու, քվեարկել է 10,11 տոկոսը կամ 206 հազար մարդ: Մարզի ներկայիս կարգավիճակի պահպանման օգտին արտահայտվել է 4,55 տոկոսը կամ 93 հազար մարդ: Հարցմանը մասնակցել է 2 մլն 250 հազար մարդ:

 

Մարզի ղեկավար Արթուր Մասը գոհունակություն է հայտնել բնակչության կամաարտահայտման արդյունքների առթիվ եւ կոչ է արել կենտրոնական կառավարությանը՝ թույլատրել վերջնական պաշտոնական հարնաքվեի անցկացումը անկախության հարցի շուրջ:

 

Նոյեմբերի 9-ին կայացած միջոցառումն ունի բնակչության ոչ պաշտոնական հարցման կարգավիճակ: Ավելի վաղ որոշում էր ընդունվել չեղյալ հայտարարել այդ օրը նշանակված անկախության հանրաքվեն:

 

Սեպտեմբերի 29-ին Իսպանիայի Սահմանադրական դատարանը հինգ ամսով կասեցրել էր Կատալոնիայի անկախության հարաքվե անցկացնելու մասին հրամանագրի գործողությունը: Մադրիդի տեսանկյունից՝ նման հարցումը հակասում է պետության Հիմնական օրենքին եւ խախտում երկրի բոլոր բնակիչների իրավունքները: Կենտրոնական կառավարությունը պնդում է, որ Իսպանիան ունիտար պետություն է, ուստի «ինքնիշխանության հարցերը պետք է լուծի Իսպանիայի ողջ ժողովուրդը, այլ ոչ թե մեկ տարածաշրջանի բնակչությունը»: