Հայաստանը պետք է միավորի ուժերն իր դաշնակիցների հետ' ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության։ Լրագրողների հետ նոյեմբերի 10-ին կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ԵՊՀ դասախոս, կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

 

 

«Դեր Զորում սեպտեմբերի 21-ին հայկական եկեղեցու պայթեցումն «իսլամիստ զինյալների հաղորդագրությունն» էր Հայաստանին, որով նրանք հասկացրեցին, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում են իբրև իրենց գլխավոր թիրախներից մեկը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նոյեմբերի 10-ին կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ԵՊՀ դասախոս, կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը և հավելեց , որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հետզհետե իր շուրջն է համախմբում թուրքալեզու իսլամիստական կազմակերպությունները, իսկ վերջիններիս համար Հայաստանը դարեր ի վեր դիտվել է որպես բաժանարար երկիր՝ խանգարելով թուրքալեզու իսլամադավանների միավորվելուն։

 

 

Փորձագետը նշեց, որ առկա է լուրջ վտանգ, որ Ադրբեջանում կարող է տապալվել աշխարհիկ իշխանությունը։ «Հարյուրավոր ադրբեջանցիներ են կռվում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում, և նրանց մի մասը որպես քարոզիչներ գալիս են Ադրբեջան՝ իրենց շարքերը նոր մարդկանց և կազմակերպությունների գրավելու համար։ Հետագայում այս ամենը կարող է հանգեցնել իսլամիստական հեղափոխության, որի արդյունքում Ադրբեջանում իշխանության կարող են գալ ծայրահեղական իսլամիստները, ինչը հանգեցնի ծանր հետևանքների»- ասաց Խաչատրյանը և հավելեց, որ Ռուսաստանը նույնպես անհանգստացած է, քանի որ իսլամիստ զինյալների շարքերում կռվում են նաև Հյուսիսային Կովկասում բնակվող մահմեդականներ։

 

 

2014թ. հունիսին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որը պետք է ընդգրկի Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները։ Ընդդիմադիր այլ կազմավորումների անդամներ անցնում են այդ խմբավորման կողմը՝ հավատարմության երդում տալով «Իսլամիստական պետություն» ահաբեկչական խմբավորման «խալիֆ» Աբու Բաքըր ալ Բաղդադիին։

 

 

ԱՄՆ-ը փորձում է ստեղծել միջազգային կոալիցիա ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության. առայժմ ԱՄՆ-ին իրենց աջակցությունն են հայտնել 50 երկրներ։