Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցավակցական ուղերձ է հղել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհվածների ու վիրավորների ընտանիքներին: Քաղաքապետի ուղերձում ասված է.

 

«Նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին տեղեկացա մեծ ցավով ու ափսոսանքով: Մարդկային կյանքերի ողբերգական կորուստը, հիրավի, յուրաքանչյուրիս վիշտն է և առիթ է տալիս ավելի խորը մտածելու հետևանքների մասին: Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին ու հարազատներին' մաղթելով ոգու արիություն, սփոփանք և համբերություն, իսկ վիրավորներին՝ առողջություն և շուտափույթ ապաքինում:

 

Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում տուժածներին ու նրանց ընտանիքներին՝ աջակցելու պատրաստակամությամբ»:

 

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում նոյեմբերի 10-ին «ԿամԱԶ-53202» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ն այրվել է, հայտնաբերվել է 7 կիսաայրված դիակ, ևս 7 վիրավոր տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը հիվանդանոցային առաջին օգնությունից հետո դուրս է գրվել, 17-ամյա ուղևորը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Մյուս հինգ տուժածներից 14-ամյա պատանուն վիրահատելու են, վիրավորներից մեկն ունի 35 տոկոս այրվածքներ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Մյուս երեք վիրավորի վիճակը միջին ծանրության է: «ԿամԱԶ-53202» վարորդ Մանվել Վարդանյանը կալանավորված է:

 

Կատարվում է նախաքննություն: