ՀՀ Նախագահի' տեղեկատվական տեխնոլոգիաների Համաշխարհային մրցանակի 2014 թվականի դափնեկիր «Սիսկո սիսթեմս» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան Հայաստանում է: Նոյեմբերի 11-ին Մացոլան հանդիպում ունեցավ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ, ստացավ բուհի պատվավոր դոկտորի կոչում:

 

ՀՊՃՀ-ի ուսանողները հնարավորություն ստացան լսելու ՏՏ ոլորտում մեծ ավանդի համար մրցանակի արժանացած Մարիո Մացոլայի դասախոսությունն ու հարցեր հղել:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողների հետ զրույցում Մարիո Մացոլան հայտնեց, որ մինչ Հայաստան գալը շատ բան չգիտեր Հայաստանի մասին, բայց ճանաչում էր Վիասֆեր Ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ, «Արմթեք» կոնգրեսի համահիմնադիր և համանախագահ Թոնի Մորոյանին և տպավորված էր նրա անահատականությամբ:

 

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի կողմից տրվող Համաշխարհային ՏՏ մրցանակի դափնեկիր լինելուն, ապա դա առաջին պարգևն է, որ ընդունում է Մացոլան: Այս մասին տեղեկացրեց Թոնի Մորոյանը' հավելելով, որ Մարիո Մացոլան չափազանց համեստ մարդ է:

 

Մացոլան տեղեկացրեց, որ հետազոտական աշխատանքներ պետք է կատարեն Հայաստանում' հասկանալու, թե ինչ ներուժ ունի Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առումով: «Կարծում եմ, որ ճարտարագիտական առաջընթացի համար շատ կարևոր է լավ կրթական համակարգը, բարձրագույն կրթությունը և ես տեսնում ու զգում եմ, որ Հայաստանում դա առկա է»,-ասաց «Սիսկո սիսթեմս» ընկերության զարգացման գծով նախագահը:

 

Հանդիպմանը ներկա ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը նշեց. «Պոլիտեխնիկը, լինելով երկրի առաջատար գիտատեխնիկական բուհը, անչափ կարևորում է տեխնիկական կրթության դերը Հայաստանի գիտելիքահեն տնտեսության կառուցման գործում:

 

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակակիրներին Պոլիտեխնիկի պատվավոր դոտորի կոչման շնորհմամբ մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, այլև հնարավորություն ենք ընձեռում մեր բուհի դասախոսական կազմին և ուսանողությանն անձամբ հանդիպելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն առաջնորդող համաշխարհային ճանաչում ունեցող դեմքերին, քննարկելու ոլորտում իրենց հուզող հարցերը»:

 

ՀՀ նախագահի Համաշխարհային ՏՏ մրցանակաբաշխության Գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ևս շեշտեց, որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին և ուսանողներին ծանոթանալու ոլորտի հիմնարար հայտնագործություններին և նվաճումներին դրանց իսկ հեղինակներից: