ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի օդուժին պատկանող ուղղաթիռի խոցման փաստը: Այս մասին հաղորդում է ABC News-ը: «Այսօրվա իրադարձությունները եւս մեկ անգամ հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը, լարումները կրճատելու, հրադադարը հարգելու կարեւորությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողներին ասել է Պետդեպի խոսնակ Ջեն Պսակին:

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին' ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

 

Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից: