Ադրբեջանում շատ զինվորականներ եւ քաղաքական գործիչներ կան, որոնք փորձում են նախագահ Իլհամ Ալիեւին դրդել ուժային տարբերակի:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը' մեջբերելով Հարավային Կովկասի խնդիրների վրա մասնագիտացող եվրոպացի դիվանագետին, ում անունը թերթը չի հայտնում:

 

Մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում ուղղաթիռի հետ կապված միջադեպը, թերթի զրուցակիցը նշել է. «Ադրբեջանի զինվորականների եւ քաղաքական գործիչների մեջ քիչ չեն կոշտ գծի կողմնակիցները, ովքեր փորձում են նախագահ Իլհամ Ալիեւին դրդել խնդրի լուծման ուժային տարբերակին: Նրանք հույս ունեն, որ Բաքվի կողմից զինված ուժերն ամրապնդելուն ուղղված միլիարդավոր նավթադոլարները թույլ են տվել փոխել ուժերի հավասարակշռությունը, եւ կարելի է ռեվանշի հույս ունենալ 1990-ականների սկզբին պատերազմում պարտության համար», -մեջբերում է թերթը եվրոպացի դիվանագետի խոսքը:

 

Նրա խոսքով' եթե մարտական գործողությունները վերսկսվեն, դրանք տարածաշրջանի համար կլինեն ավելի կործանարար, այդ թվում' նաեւ ադրբեջանական նավթային արդյունաբերության համար:

 

«Բայց արդյունքում ռազմական նպատակների հասնել, ամենից հավանական է, չի հաջողվի: Արդյունքը կարող է դառնալ Ադրբեջանում իրադրության ապակայունացումը: Կարծում եմ, Իլհամ Ալիեւը դա հասկանում է եւ հնարավորություն կգտնի հանել լարվածությունը' թույլ չտալով, որպեսզի շփման գոտում միջադեպերը չբերեն լայնամասշտաբ պատերազմի», -ասել է նա:

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին' ժամը 13:45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք, եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:

 

Ադրբեջանի ԶՈւ կողմից սադրիչ այդ միջադեպը դատապարտել են ՀՀ ԱԳՆ-ը, ԱՄՆ Պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: