Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայկական ուղղաթիռի խոցումը դատապարտում և համարում է ոճրագործություն: «Ուղղաթիռը խոցելը ես համարում եմ ոճրագործություն, և դատապարտում եմ: Իրենք միշտ բարձր մակարդակով հանդիպումներից առաջ կամ հետո որևէ մի նման սադրանք են անում:

 

Սա հերթականն էր, ինչը խաթարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ընթացող բանակցությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի պետական համալսարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը:

 

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը, կառույցները ևս պետք է դատապարտեն տեղի ունեցածը և հայտնեն իրենց դիրքորոշումն այդ կապակցությամբ:

 

Լրագրողների հարցին, թե տեղի ունեցածում արդյոք չի տեսնում օգոստոսյան իրադարձությունների կրկնությունը, վարչապետը նշեց, որ չի ցանկանա տեսնել, կանխատեսել նման սցենար, որովհետև դա ընդհանրապես որևէ մեկին ձեռնտու չէ:

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:

 

Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք, եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:

 

Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: