Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ-ի մասնակից պետությունների՝ խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հանձնաժողովի 15-րդ նիստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հաղորդակցուղիների դեպարտամենտը:

 

«Քննարկվել են ինչպես օրակարգում ընդգրկված հարցերը, այնպես էլ հանձնաժողովի իրավասությանը փոխանցված մի շարք թեմատիկաների և նախագծերի հետ կապված հարցեր, որոնք ավելի վաղ մշակվում էին ԵվրԱզԷՍ-ի ինտեգրացման կոմիտեին առընթեր Ատոմային էներգիայի խորհրդի շրջանակներում»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նիստը վարել է հանձնաժողովի նախագահը՝ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկին:

 

ԱՊՀ-ի մասնակից պետությունների՝ խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հանձնաժողովը ձևավորվել է 1997 թվականին:

 

Հանձնաժողովը ճյուղային համագործակցության վարչական մարմին է, որը համակարգում է ԱՊՀ-ի երկրների գործողություններն ատոմային էներգետիկայի բնագավառում, ապահովում է ԱՊՀ-ի ղեկավար մարմինների առաջարկությունների ու որոշումների նախագծերի պատրաստումը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում, անվտանգության մակարդակի բարձրացումը խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում, հաղորդել է ՌԻԱ Նովո ստին: