ՀՀ ԱԳՆ-ում նոյեմբերի 14-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Դանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ԱԳՆ Եվրոպայի վ արչության պետ Պարույր Հովհաննիսյանը, դանիական կողմից' ԱԳՆ Եվրոպական Հարևանության վարչության պետ Ուֆֆե Բալսլևը:

 

 

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվել է հայ-դանիական քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերին:

 

 

Մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցության և ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

 

 

Նույն օրը դանիական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցերի: