Ուկրաինական հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

 

 

«Ուկրաինան ՆԱՏՕ-ի մեջ չի մտնում: Եվ մենք համոզված ենք, որ այդ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Մենք դիմում ենք Ռուսաստանին՝ պահանջելով հարգել Ուկրաինայի սահմանները և օգնություն ցույց չտալ անջատականներին, որովհետև դա սպառնալիքի տակ է դնում հրադադարի համաձայնագիրը: ՆԱՏՕ-ն աջակցում և աջակցելու է երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ոռոնք ընկած են Մինսկի համաձայնագրերի հիմքում»,-ասել է Ստոլտենբերգը:

 

Նա հանդես է եկել Մինսկի համաձայնագրերի անշեղ կատարման օգտին: «Մեծ սխալ կլինի մտածել, որ եթե դու պարտվես, ես հաղթանակ կտանեմ կամ ընդհակառակը: Բայց եթե գտնվի քաղաքական լուծում՝ բոլոր կողմերի շահերի հարգմամբ, դրանից կշահենք մենք բոլորս»,-նշել է գլխավոր քարտուղարը:

 

Ստոլտենբերգը պնդում է, որ «վերջին տարվա ընթացքում Մոսկվան եռակի մեծացրել է իր ռազմական ակտիվությունը»: «Մենք էլ չորս անգամ ավելացրել ենք մեր գործողությունները և դիտորդական գործունեությունը: Մենք ամրապնդել ենք արագ հակազդման մեր խումբը, որի պատրաստվածությունն այժմ ավելի բարձր մակարդակի վար է, քան սառը պատերազմի ժամանակներում»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: