Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ արցախյան անզեն ուղղաթիռի խոցումը նախապատրաստված է եղել ադրբեջանական բարձրաստիճան հրամանատարության կողմից:

 

Այս մասին փորձագետը հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Այստեղ զգացվում էր, որ պատրաստված էին: Սա այնքան արտառոց դեպք է, որ եթե դու անգամ գեներալ ես, չի նշանակում, որ անմիջապես պետք է ուղղաթիռի խոցելու համար հպարտանաս: Տեղեկատվությունը պետք է գնա ադրբեջանական վերնախավի մոտ, քննարկվի, հետո նոր փաստը բացահայտվի: Բայց հենց դեպքը եղավ, նրանք անմիջապես լրատվամիջոցներով հայտարարեցին դրա մասին: Դա ցույց է տալիս, որ խոցումն, ամենայն հավանականությամբ, նախապատարստված է եղել բարձրաստիճան օղակների կողմից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Սամվել Մարտիրոսյանը:

 

Անդրադառնալով դեպքի մասին իրազեկմանը' փորձագետը նշեց, որ հայկական լրատվամիջոցների և պաշտոնական կառույցների համատեղ աշխատանքը փոխեց սկզբնական իրադրությունը, երբ հայկական կողմը թույլ դիրքերում էր: «Մենք գործ ունեինք մի իրավիճակի հետ, երբ անմիջական աղբյուր չկար' բացի պաշտոնական հայտարարություններից: Այդ իմաստով' մենք որոշակի պրոբլեմ ունեինք առաջին ժամերին, երբ փաստացի առաջին լուրերը գնացին ադրբեջանցիներից»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

 

Սրա արդյունքում էլ արտասահմանյան լրահոսի անդրադարձը ներառում էր ադրբեջանական կարծիքն ու մեկնաբանությունները, քանի որ երկրորդ կարծիք չունեին: «Մեխանիկորեն մենք առաջին ժամերին շատ թույլ դիրքրում էինք: Հետագայում իրավիճակը փոխվեց այն առումով, որ ադրբեջանական պաշտոնական կառույցները դադարեցին տեղեկատվություն տարածելը, իսկ այստեղի լրատվամիջոցների ու պաշտոնական կառույցների միասնական աշխատանքը միանշանակ արագ փոխեցին իրավիճակը»,- փաստեց Սամվել Մարտիրոսյանը:

 

Այս առումով' մասնագետը նմանություններ է տեսնում օգոստոսյան դեպքերի և ուղղաթիռի խոցման միջև: «Մեր լրատվամիջոցները, նաև հասարակ մարդիկ սովորել են սթրեսային վիճակում աշխատել: Նույն «Ֆեյսբուք»-ում մարդիկ ավելի գրագետ են' չնայած որ ադրբեջանցիներն այս անգամ էլ փորձեցին գրոհել սոցիալական ցանցերը, բայց խուճապ մեզ մոտ չսկսվեց»,- նկատեց Սամվել Մարտիրոսյանը:

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին' ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատել են, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: