Մինսկի համաձայնագրերն անհնարին կլինեին առանց Ռուսաստանի ակտիվ մասնակցության, ընդ որում, ինչպես աշխարհազորը, այնպես էլ Կիեւի իշխանությունները, խախտում են դրանք: Այդ մասին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է գերմանական ARD ալիքին տված հարցազրույցում, որն ամբողջությամբ հրապարակվել է նոյեմբերի 17-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

 

Պետության ղեկավարն ընդունել է Մինսկի համաձայնագրերի կատարման հետ կապված խնդիրների առկայությունը: Մասնավորապես, նրա խոսքով, աշխարհազորայինները հրաժարվում են հեռանալ մի շարք բնակավայրերից՝ երկյուղելով իրենց մերձավորների ու հարազատների ճակատագրի համար: Ընդսմին նա նշել է, որ ուկրաինական բանակը նույնպես հրաժարվում է ազատել մի շարք դիրքեր, եւ որ Ռուսաստանը չի կարող ստիպել ինքնահռչակ հանրապետություններին՝ կատարելու պայմանավորվածությունները:

 

Պուտինը նաեւ կոչ է արել Արեւմուտքին՝ հրաժարվել ուկրաինական ճգնաժամի նկատմամբ միակողմանի մոտեցումից եւ սկսել դիրքորոշումների մերձեցումը: Նա նախազգուշացրել է Ուկրաինայում ռուսատյացության վտանգից, որը, նրա կարծիքով, կարող է հանգեցնել աղետի:

 

Նախագահի խոսքով՝ ինքը չի հասկանում նրանց, ովքեր հրաժարվում են քննարկել Ուկրաինայի ֆեդերալացումը: Ուկրաինայի ապագան կախված է բոլոր քաղաքացիների իրավունքները պահպանելու իշխանությունների պատրաստակամությունից, հավելել է նա: