Հայաստանում գործող սահմանադրա-իրավական համակարգի առումով՝ Սահմանադրական դատարանը իրավացի վճիռ է կայացրել։ «Հայաստանում գործող սահմանադրա-իրավական համակարգի առումով, ես համաձայն եմ Սահմանադրական դատարանի որոշման հետ, քանի որ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը ընթացակարգերի և գործընթացների առումով չի հակասում Սահմանադրության որևէ դրույթի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը և հավելեց, որ ՍԴ-ն լուրջ նախապատրաստական աշխատանք է տարել և պատշաճ հիմնավորել է իր վճիռը։

 

 

Փորձագետը նշեց, որ աշխարհում ինտեգրման գործընթացներն այնքան արագ են ընթանում, որ հաճախ պետությունները իրավական առումով չեն հարմարվում այդ գործընթացներին և դրանք հիմնականում մակերեսային, ինտուիտիվ գնահատականի են արժանանում։

 

«Ցանկացած ժողովրդավարական պետության սահմանադրություն, երկրի կարևոր խնդիրների առումով, նախատեսում է հանրաքվեի անցկացումը, սակայն Հայաստանում նման հանրաքվեի անցկացումը որոշակի խնդիրների կհանգեցնի, քանի որ մեր հասարակության քաղաքացիական ինքնագիտակցությունը դեռ չի հասել անհրաժեշտ մակարդակի»,- ասաց Վարդան Այվազյանը:

 

 

2014թ. նոյեմբերի 14-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Եվրասիական տնտե սական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

 

Դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված' Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների' Հայաստանի Հանրապետության Սահմանադր ությանը համապատասխանության հարցը որոշել է գրավոր ընթացակարգով:Սահմանադրական դատարանի վճիռը հրապարակել է դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։