ՌԴ շուկայում աշխատող գինեգործական ընկերությունները չեն ստանում բավարար ծավալով միջոցներ՝ համեմատած նախորդ տարվա հետ։ «Հույս ունեմ, որ առաջիկայում ռուսական ռուբլին կկայունանա, հակառակ դեպքում՝ Հայաստանից ալկոհոլի արտահանման աճը, որը արձանագրվում է հիմնականում սեպտեմբեր-դեկտեմբերին, կարող է չլինել և 2015թ.-ին մենք նկատելու ենք արտահանման ծավալների նվազում մոտ 30 տոկոսով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը և հավելեց, որ Ռուսաստանում դոլարի արժեզրկումը գինու արտահանմամբ զբաղվող ընկերությունները, որոնք աշխատում են ռուբլով, այժմ չեն ցանկանում վաճառել արտադրանքը, իսկ արտադրանքը դոլարով վաճառող սուբյեկտները չեն կարողանում գումար հետ ստանալ, ինչը կարող է որոշակի վնասներ հասցնել Հայաստանի տնտեսությանը:

 

 

Բանախոսը նշեց, որ եթե ռուսաստանցի գործընկերները ներկա դրությամբ չեն կարողանում վճարել արտարժույթով, ապա մենք պետք է ապրանքափոխանալության գործարքներ իրականացնենք, այսինքն' ապրանքի դիմաց ստանանք ապրանք։

 

«Ռուսաստանից մենք կարող ենք ստանալ պիտակներ, շշեր կամ էլ ստվարաթուղթ' արկղերի համար, այսինքն' այնպիսի ապրանքներ, որոնք անհրաժեշտ են գինու արտադրության համար»,- ասաց Ավագ Հարությունյանը' նկատելով, որ կառավարությունը պետք է վերանայի ներմուծման ծավալները և առնվազն մեկ տարով հետաձգի նշված ապրանքների ներմուծման գծով ավելացված արժեքի հարկի վճարումը:

 

 

Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարի մթերվել է 183 հազար 981 տոննա խաղող, ինչը տասը տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը (167 հազար 185 տոննա): Խաղողի մթերման միջին գինը եղել է 152 դրամ՝ նախորդ տարվա 147 դրամի դիմաց : Մթերող ընկերությունների քանակը ավելացել է 5-ով և դարձել 50 ընկերություն:

 

 

2014թ. առաջին 9 ամիսներին արտահանվել է 4 միլիոն դոլար արժողությամբ 1 միլիոն 300 հազար լիտր գինի: Կոնյակի արտահանումը նվազել է: Գինիների ներմուծումը նվազել է մոտ 10 տոկոսով։ Կոնյակի և գինու արտադրությունը 9 տոկոսով նվազել է, իսկ գարեջրի արտադրությունը ավելացել 37 տոկոսով:

 

 

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 36 տոկոսով։