Իրանը եւ «վեցյակի» երկրները (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) Վիեննայում սկսում են իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Քաղաքական տնօրենները բանակցությունների սեղանի շուրջ կնստեն համապարփակ փաստաթղթի համաձայնեցման՝ իրենց իսկ կողմից սահմանված վերջնաժամկետից՝ նոյեմբերի 24-ից, մեկ շաբաթ առաջ:

 

Սակայն, դիվանագետների հայտարարությունների համաձայն, որոնք հնչել են վերջին շաբաթների ընթացքում, հասկանալի է դառնում, որ սահմանված ժամկետում դրա համաձայնեցման երաշխիքներ չի կարող տալ կողմերից եւ ոչ մեկը: Չնայած այն բանին, որ ամսվա սկզբից բանակցային գործընթացը շարունակվել է գրեթե անընդմեջ, այդպես էլ չի հաջողվել վերացնել տարաձայնությունները հանգուցային հարցերի շուրջ: Խոսքը, մասնավորապես, վերավերում է հարստացման ծրագրի պարամետրերին եւ ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ սահմանվաած պատժամիջոցները չեղարկելու կարգին:

 

Պլանավորվում է, որ բանակցություններում «վեցյակի» աշխատանքը ավանդաբար կհամակարգի Քեթրին Էշթոնը, որը ամսվա սկզբին թողել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնը: Իրանի պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը: Առաջիկա օրերին Վիեննա կժամանի նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որը մասնակցել է քաղաքական տնօրենների կոնսուլտացիաների նախորդ երկու փուլերին: Բացառված չէ, որ որոշակի փուլում «վեցյակի» գծով նրա գործընկերները նույնպես կմիանան բանակցող խմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: