Ադրբեջանցի մի խումբ լրագրողներ, իրավաբաններ, մտավորականության այլ ներկայացուցիչներ և հասարակական գործիչներ ճաղերի հետևում հայտնված քաղբանտարկյալ Ինթիգամ Ալիևի գործով դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

 

Նախագահին ուղղված դիմումի մեջ հիշեցվել է Ինթիգամ Ալիևի կատարած գործունեությունն ու նրա ներդրումն իրավական կադրեր պատրաստելու գործում: Բացի այդ, ընդգծվել է իրավապաշտպանի առողջական վատ վիճակը: Վերջին բուժզննումից հետո իրավապաշտպանի մոտ հայտնաբերվել էր օսթեոխոնդրոզ և ողնաշարի ճողվածք: Հաղորդվում է նաև, որ Ինթիգամն ունի տեղաշարժվելու դժվարություններ:

 

Ադրբեջանի նախագահին դիմողները Իլհամ Ալիևին կոչ են արել վերանայել Ինթիգամ Ալիևի պատժի միջոցը: Դիմումը ստորագրել է 70 մարդ:

 

Ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը ձերբակալվել էր օգոստոսի 8-ին' մեղադրվելով անօրինական ձեռներեցության, հարկերը վճարելուց խուսափելու և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Նա հերքել էր իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները: Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Ինթիգամին ճանաչել է որպես քաղբանտարկյալ: