ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը դժգոհ է ազգային հավաքականի ելույթներից: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ինքը՝ ՀՖՖ նախագահը:

«Արդյունքներից շատ դժգոհ եմ: Ինձ չի կարող բավարարել այն, որ հավաքականը երեք խաղում վաստակել է 1 միավոր»:

Այն հարցին, թե արդյոք ՀՖՖ նախագահը շարունակո՞ւմ է վստահել հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին, Ռուբեն Հայրապետյանը նշեց. «Եթե չվստահեի նրան, ապա հիմա կհայտարարեի Շալանդի հեռացման մասին, սակայն ինձ չեն բավարարում նրա խաղային և տակտիկական մոտեցումները: Չեմ միջամտում մարզչի աշխատանքին, բայց կարծիքս հայտնում եմ»:

Անդրադառնալով Եվրո 2016թ-ի ընտրական փուլում մեր հավաքականի շանսերին՝ Հայրապետյանը նշեց. «Մենք շանսեր ունենք: Սակայն եթե շարունակենք խաղալ այնպես, ինչպես Պորտուգալիայում և Սերբիայում, ապա շանսեր չենք ունենա: Եթե մտածում ենք միայն այն մասին, որ մեզ գոլ չխփեն, ապա շանս չենք ունենա: Շալանդը, կարծում եմ, միջոցներ կձեռնարկի»: