Լեռնային Ղարաբաղի ածուխի փորձարկումները Երեւանի ՋԷԿ-ի հին էներգոբլոկում կավարտվեն 2013թ. ապրիլին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Ըստ նրա՝ փորձարկումների ավարտից հետո կարելի է որոշակիացնել ածուխի եւ էլեկտրաէներգիայի սպառման ծավալները: Հիշեցնենք, որ Երեւանի ՋԷԿ-ի այժմ չգործող հին էլեկտրոբլոկում նախատեսվում է օգտագործել ԼՂՀ-ից բերված ածուխը: «Փորձարկումները նախատեսվում է ավարտել մի քանի ամիս անց», – բացատրել է Մովսիսյանը:

ԵրՋԷԿ-ի շոգեգազային նոր էներգաբլոկը շահագործման էր հանձնվել 2010թ. ապրիլին: Մինչ այդ ՋԷԿ-ը միայն մեկ գործող սարքավորում ուներ՝ 50 ՄՎտ հզորությամբ, նախկին 7-ի փոխարեն: Նոր շոգեգազային էնեգաբլոկը ունի 242 ՄՎՏ հզորություն եւ 434 ԳՋ/ժամ ջերմային մշակման հզորություն: Շինարարությունն իրականացվել էր Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության վարկային միջոցներով: Երեւանի ՋԷԿ-ի 100 տոկոսանոց բաժնետերը Հայաստանի կառավարությունն է: ԵրՋԷԿ-ը ԱԷԿ-ից եւ Հրազդանի ՋԷԿ-ից հետո Հայաստանի հզորությամբ երրորդ էներգոօբյեկտն է: