Քաղաքական երկխոսության մերժումը դրական երևույթ չէ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այն փաստին, որ ոչ իշխանական եռյակի ուժերը մերժել են 12 կետերը քննարկելու վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկը:

 

«Քաղաքական երխոսությունը մերժում են այն ուժերը, որոնք ասելիք կամ անելիք չունեն քաղաքական դաշտում: Մերժումը մարգինալների գործելաոճն է: Սա ես չեմ ասում, սա քաղաքագիտական ճշմարտություն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ԱԺ փոխնախագահը:

 

 

Նա ընդգծեց, որ ցանկացած քաղաքական ուժ, որն իրեն լուրջ է համարում և մտահոգված է երկրում բարեփոխումներ իրականացնելու խնդրով, այլ ոչ թե իր փոքր դերակատարումն ավելացնելու հարցով, պետք է գնա երկխոսության: «Երկխոսությունը նրա համար է, որպեսզի իշխանությունը և ընդդիմությունը մոտեցնեն իրենց դիրքորոշումները հասարակության խնդիրները լուծելու համար: Եթե դու վերջնագրեր ես ներկայացնում, նեղացածի կերպար ես ընդունում, դա ընդունելի չէ»,- հայտարարեց Շարմազանովը:

 

 

Դիտարկմանը, թե ուշացած չէ՞ արդյոք կառավարության առաջարկը, Շարմազանովը պատասխանեց, որ երկխոսությունը երբեք ուշացած չի լինում, քանի որ դա անընդհատ գործընթաց է: «Եվ այս քայլով կառավարությունը, իշխանությունը, Հանրապետականը ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնում նստել և քննարկել, գտնել ընդհանուր եզրեր: Սա չի նշանակում, որ 12 կետերը պետք է միանգամից կատարվեն կամ չկատարվեն:

 

Մենք պետք է նստենք և քննարկենք այս հարցերը, որովհետև առանց քննարկումների որևէ առաջընթաց չի կարող լինել: Իսկ նրանք լուծում չեն ցանկանում և նախապայման են ներկայացնում: Այդ ինչո՞ւ մենք Թուրքիային մեղադրում ենք մեր առջև նախապայմաններ դնելու մեջ, իսկ ներքին քաղաքականության մենք հանդուրժում ենք նախապայմաններ:

 

Ես կարծում եմ, որ մենք պետք է դադարենք այսպես մտածել: Այո, մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, և մենք այդ խնդիրները պետք է լուծենք երկխոսության եղանակով: Սակայն, եթե դու կանխավ վերջնագիր ես ներկայացնում, դա արդեն խոսում է քո մարգինալության մասին»,- նշեց Շարմազանովը:

 

 

Անդրադառնալով ԲՀԿ-ի և «Ժառանգության» դիրքորոշմանը, որոնք ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած քննակման ժամանակ պնդել են, որպեսզի կառավարությունը որպես վստահության երաշխիք Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնի, Շարմազանովը նկատեց, որ դա անտրամաբանական է, քանի որ ընտրական օրենսգրքում բարեփոխումների հարցը ներառված է 12 կետերի մեջ: «Եթե այդ հարցը կա 12 կետերի մեջ, ապա կառավարությունը, աստիճանաբար քննարկելով բոլոր կետերը, կանդրադառնա նաև այդ կետին»,- նշեց նա:

 

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ իշխանական ուժերին առաջարկել է յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով՝ ակնկալելով, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա համագործակցության առաջարկին: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վարչապետի առաջարկը քննարկել է ԱԺ խմբակցությունների հետ: ՀԱԿ-ը քննարկմանը չի մասնակցել, իսկ եռյակի անդամ մյուս քաղաքական ուժերը հրաժարվել են հետագա բնակցություններից՝ կառավարությունից պահանջելով վստահության երաշխիքներ: