ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քաղաքացի Նորայր Սիմոնյանի կողմից ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության աշխատակից Տիգրան Գևորգյանին կաշառք տալու և վերջինիս կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ' ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի և 312-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

 

Նախաքննությամբ պարզվել է, որ Տիգրան Գևորգյանը 2014թ. հուլիսի 31-ին' ժամը 24.00-ից մինչև 08.00-ը, ծառայություն իրականացնելով Երևան քաղաքում, ժամը 02.00-ի սահմաններում նկատելով գիշերային ժամանակ լուսարձակներն անջատված երթևեկող «Օպել» մակնիշի ավտոմեքենան, կանգնեցրել է այն և վարորդական իրավունք չունեցող վարորդ Նորայր Սիմոնյանի կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու կասկածանքով վերջինիս տեղափոխել «Արամյանց» բժշկական կենտրոնի մոտ:

 

 

Ն.Սիմոնյանից կաշառք ստանալու դիտավորությամբ, վերջինիս հիվանդանոց չի ներկայացրել սթափության վիճակի օրենքով նախատեսված ստուգման, այլ ավտոմեքենան վարել է դեպի Սիլիկյան թաղամաս և Ն.Սիմոնյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործության՝ սթափության վիճակն օրենքով նախատեսված կարգով չստուգելու և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները չարձանագրելու համար, Ն.Սիմոնյանից պահանջել է 70.000 ՀՀ դրամ կաշառք և որպես այն հետագայում ստանալու երաշխիք վերջինիցս վերցրել է մի շարք փաստաթղթեր:

 

 

2014 թվականի օգոստոսի 2-ին Տ.Գևորգյանը Ն.Սիմոնյանից պահանջած կաշառքն ստանալու նպատակով, ժամը 14.10-ի սահմաններում հանդիպել է վերջինիս, սակայն հանդիպման ընթացքում կռահելով, որ Ն.Սիմոնյանի մասնակցությամբ իր նկատմամբ իրականացվում է օպերատիվ-հետախուզական միջոցառում՝ հրաժարվել է կաշառքի առարկան ստանալուց և փաստաթղթերը Ն.Սիմոնյանին հանձնելով հեռացել է:

 


Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության աշխատակից Տիգրան Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

 

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: