Իրաքի եւ Սիրիայի զավթած տարածքներում «Իլամական պետություն' խալիֆայություն» «հռչակած» «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումն իր ամբողջականությունը պահպանելու համար մահապատժի է ենթարկել ներքին պառակտումներ թույլ տված անդամներին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով axar.az լրատվական կայքը, կազմակերպությունն օրերս ձերբակալել էր ծագումով ադրբեջանցի ռազմական վարժողներ Դայանաթ (Համզա Ազերի) եւ Ումեիր Ազերինին: ԻԼԻՊ-ին մոտ կանգնած աղբյուրներից կայքին հասած տեղեկություններով' Ումեիր Ազերինն արդեն մահապատժի է ենթարկվել, իսկ Համզա Ազերիի ճակատագիրը դեռեւս անհայտ է:

 

Նշվում է, որ ադրբեջանցի հրամանատարներին վերացնելու գլխավոր պատճառը ԻԼԻՊ-ի չեչեն հրամանատար Օմեր Շիշանիի հետ նրանց միջեւ եղած անձնական հակամարտությունն է: Կայքը նշում է, որ նման միջադեպերը ցույց են տալիս, որ ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունը սկսել է ներսից մասնատվել:

 

Սիրիայում եւ Իրաքում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն անցել է 150-ը: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: