ԱՄՆ սենատոր Բեն Կարդինը եւ կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը ԵԱՀԿ երկրներում, գլխավորապես' Ադրբեջանում առկա կոռուպցիայի հետ կապված քննարկումներ կանցկացնեն 2014 թվականի նոյեմբերի 19-ին, Վաշինգտոնում:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ն այդ առնչությամբ գրում է. «Կոռուպցիան պետական քաղաքականության վերածած Ադրբեջանը, ավելի ճիշտ, Ադրբեջանում կոռուպցիան պետական քաղաքականության վերածած ալիեւների իշխանությունն այսօր վերածվել է ամբողջ ժողովրդավարական աշխարհի գլխացավանքի»:

 

 

Նշվում է, որ հավաքում խոսվելու է կոռուպցիայի դեմ պայքարի համար արդյունավետ ինստիտուտներ ստեղծելու եւ այդ գործում քաղաքացիական հասարակության կարեւոր դերակատարության մասին:

 

Թերթն ափսոսանք է հայտնում, որ այդ հավաքին մասնակցելու հնարավորությունից զրկված են ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսը եւ Ինթիգամ Ալիեւը:

 

«Նրանք ձերբակալված են, նրանց գաղափարակից ընկերներն էլ, սարսափահար, օրեր են հաշվում: Մնում է, որ այդ հավաքին մեկնեն նրանք, ովքեր հայտարարում են, որ «կոռուպցիան ամբողջ աշխարհում է»: Նրանք այն մարդիկ են, ովքեր, պատգամավոր դառնալով, մի շարք եկամտաբեր աղբյուրների տիրանալուն զուգահեռ, մեծ դրամաշնորհներ են ստացել ինչպես Ադրբեջանում, այնպես արտասհմանից եւ առանց որեւէ գործ անելու, յուրացրել այդ փողերի մեծ մասը:

 

Որտեղից նրանք գիտեն, թե «կոռուպցիան ամբողջ աշխարհում է»: Գիտեն, որովհետեւ իշխանության գործիք դարձած այդ անձինք Ադրբե ջանը թալանելու ճանապարհով կարողացել են կաշառել մի շարք պաշտոնյաների, գնել Անգլիայի խորհրդարանից մինչեւ ԵԽԽՎ շատ պատագամավորների եւ այդպես պահպանել իրենց իշխանությունը: Այո, այդ տեսակետից, կոռուպցիան աշխարհի ամեն կողմում է: Սակայն, եթե որեւէ երկրում դրանք առանձին դեպքեր են, Ադրբեջանում կոռուպցիան վերածվել է պետական քաղաքականության...», -գրում է թերթը:

 

 

Պարբերականը զավեշտ է համարում այն, որ Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի հերթական հավաքներից մեկը պետք է անցկացվի Բաքվում, որին պետք է մասնակցեն տարբեր երկրների պետական այրերի, նախարարների, խորհրդարանների ղեկավարների, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովների ղեկավարներ:

 

 

«Ինչպես հայտնի է, Ադրբեջանն աշխարհի կոռուպցիայի առաջնությունում երկար տարիներ առաջատարի տեղը չզիջող եզակի երկրներից մեկն է: Դրան զուգահեռ, Ադրբեջանում աշխարհում նմանը չունեցող հակառուպցիոն կառույց կա: Այդ կառույցի գլխավոր խնամակալն աշխարհի ամենաանպարտելի «հակակառուպցիոն» գաղափարախոս Ռամիզ Մեհտիեւն է' ադմինիստրատոր-փիլիսոփա-ակադեմիկոս Ռամիզ Մեհտիեւը:

 

Անկասկած, Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիան շատ բան կարող է սովորել նրա բազմամյա «հարուստ փորձից»: Երեւում է' հենց այդ պատճառով է ակադեմիան որոշել հավաքվել Ադր բեջանում: Նրանք ալիեւների իշխանությունից հակակոռուպցիոն գիտություն են սովորելու: Հետո էլ Եվրոպայում, Ամերիկայում կոռուպցիոներ հավաքարարների, դռնապանների հետ…հակակոռուպցիոն ընդհարումներ են սկսելու…», -ծաղրում է թերթը: