ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ , «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարեցին Գավառի մանկատան կրթական կենտրոնի բացման մասին:

 

 

Կենտրոնը Գավառի մանկատան 9-18 տարեկան ավելի քան 60 սաների հնարավորություն կտա ստանալ մասնագիտական կողմնորոշում և արհեստավարժ մասնագետների օգնությամբ լավագույնս պատրաստվել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին:

 

 

Ստեղծվել են նաև մասնագիտական խմբակներ՝ վարսահարդարում, փայտամշակում, կոշկակարություն, կարուձև և դիզայն/սեղանների ձևավորում, որոնք հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով և հնարավորություն են ընձեռելու երեխաներին ստանալ անհրաժեշտ մասնագիտական հմտություններ: Այս եռամյա ծրագրի իրականացման համար հատկացվել է 41 մլն. ՀՀ դրամ:

 


«Վորլդ Վիժնը մեծապես կարևորում է պատանիների և երիտասարդների հետ աշխատանքը. ներդնելով նրանց կրթության և զարգացման գործում՝ Վորլդ Վիժնը նպատակ ունի նպաստել ակտիվ, մասնակից և իր համայնքի զարգացման համար մտահոգ սերնդի ձևավորմանը: Այս նպատակով ծրագրի շրջանակներում կիրագործվեն նաև դպրոցականների նախագծված փոքրածավալ ծրագրերը, որոնք ուղղված կլինեն համայնքի և երիտասարդների զարգացմանը», – ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:
Կենտրոնը ստեղծվել է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում թողարկված VISA ԲԱՐԵՐԱՐ բարեգործական քարտի շնորհիվ:

 

 

 

 

«Այս տարի ամռանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, Հայաստան Համահայկական հիմնադրամի և Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի միջև կնքված համագործակցության պայմանագիրով մենք սկիզբ դրեցինք մի հրաշալի նախաձեռնության, որը ամիսներ անց իրականություն դարձավ:

 

 

Բանկի VISA ԲԱՐԵՐԱՐ քարտի բարեգործական ֆոնդի շրջանակներում այսօր Գավառի մանկատանը բացվեց այս կրթական կենտրոնը, որը հնարավորություն է տալու երեխաներին ստանալ որակյալ մասնագիտական կրթություն, պատրաստվել բարձրագույն ուումնական հաստատությունների ընդունելության քննություններին: Այս կենտրոնից օգտվելու հնարավորություն ունեն նաև Գավառի անապահով ընտանիքների երեխաները: Բանկը ապագայում հետևողական է լինելու մանկատան սաներին կրթաթոշակներով և հնարավորության դեպքում նաև աշխատանքով ապահովելու հարցում:

 

 

Մենք շնորհակալ ենք Վորլդ Վիժն Հայաստանին, Հայաստան Համահայկական հիմնադրամին մեր նախաձեռնությանը միանալու և այն կյանքի կոչելու համար և, իհարկե, մեր բոլոր Visa Բարերար քարտի քարտապաններին, որոցից յուրաքանճյուրը իր լուման ունի այս գործում», – նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

 

 

 

 

«Մեր բոլոր երեխաներն էլ արժանի են, որ ապրեն եւ ուսանեն ջերմ ու հոգատար միջավայրում, ինչը, վստահ եմ, կա ավառի այս օջախում: Թող այս ուսումնական կենտրոնը ոչ միայն զինի նրանց գիտելիքներով ու հմտություններով, այլեւ մեծ հաշվով օգնի, որ այս պատանիները դառնան հասարակության լիարժեք անդամ եւ շեն պահեն մեր հայրենիքը», – ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

 

 

 

 

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի մասին


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՀՀ բանկային համակարգում առաջատար դիրքեր է գրավում մի շարք ֆինանսական ցուցնիշներով. հանդիսանում է Հայաստանի 1ին խոշորագույն Բանկը' կապիտալի մեծությամբ և 2րդ խոշորագույնը' ընդհանուր ակտիվների մեծությամբ, 30.06.13թ-ի դրությամբ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ երկրում ֆերմերների և ագրոբիզնեսի վարկավորման առաջատարն է, ինչպես նաև նշանավոր դերակատար է ՄՓՄՁ-ների հատվածում, ունի լավ կազմակերպված մասնաճյուղերի ցանց և ֆրանշիզա:
Բանկը ստեղծվել է 1995թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում:

 

2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը' իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: Բանկն իր ֆինանսական կայունության և հուսալիության շնորհիվ ձեռք է բերել մեծ հեղինակություն և վստահություն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ֆինանսական ասպարեզում:


 

 

«Հայաստան» Համահայկական հիմնադրամի մասին


«Հայաստան» համահայկական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1992թ-ին և կոչված է խթանելու մարդասիրական օգնությունը և ենթակառուցվածքների զարգացումը ՀՀ-ում և ԼՂՀ-ում: Հիմնադրամն ունի 25 տեղական մարմին ամբողջ աշխարհում:

 

 

 

Վորլդ Վիժնը Հայաստանում


Վորլդ Վիժնը Հայաստան է եկել 1988-ին՝ տրամադրելով մարդասիրական օգնություն երկրաշարժից տուժածներին: Հետագայում Վորլդ Վիժնն ուշադրություն սևեռեց ոչ միայն արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնության տրամադրմանը, այլև սկսեց զարգացման ծրագրեր ծավալել այժմ արդեն Հայաստանի 6 մարզերի 256 համայնքներում և Երևանում:

 

 

2001-ից սկսած Վորլդ Վիժնի աջակցության ոլորտը փոխվեց՝ ուշադրությունը սևեռելով երկարաժամկետ զարգացման ծրագրերի ուղղությամբ՝ մասնավորապես միկրո-ֆինանսական ծրագրերի, առողջապահության, կրթության և երեխաների իրավունքների պաշտպանությամբ:

 

 

Նախորդ տարիների ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերը աջակցել են 468 100 մարդու, իսկ նրանցից 184 139-ը եղել են երեխաներ և երիտասարդներ: Համակիր կառույցների հետ համագործակցության արդյունքում գրանցված բարեփոխումները՝ անուղղակիորեն ազդել են մոտ 800 000 երեխայի և երիտասարդի բարեկեցության վրա: