Անցնող օրն ամփոփ` ըստ «Mediamall.am»  լրատվականի.


Ադրբեջանն իրեն դրսևորում է ինչպես ահաբեկչական կազմակերպություն. Լարիսա Ալավերդյան

 

 

Ադրբեջանը գնալով իրեն դրսևորում է ոչ թե որպես միջազգային հանրության կողմից ճանաչված, լեգիտիմ և միջազգային հարաբերությունների կրող երկիր, այլ որպես ահաբեկչական կազմակերպություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավաբան կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

 

Զրուցակցին խնդրել էինք գնահատական տալ Ադրբեջանի ռազմագերիների, գերիների և անհայտ կորածների հարցերով պետական կոմիտեի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադըգովի կատարած հայտարարությունների վերաբերյալ:

 

Մասնավորապես, Սադըգովն ասել է, որ Ադրբեջանը կթույլատրի մոտենալ ու վերցնել հայ օդաչուների դիերը, եթե հարկ համարի: Ինչպես նաև ադրբեջանցի պաշտոնյան անդրադարձել է այդ երկրում գերության մեջ գտնվող հինգհոգիանոց ընտանիքի հարցին' նշելով, որ որևէ երրորդ պետություն չի ցանկանում նրանց ընդունել:

 

Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորն էլ հայտնել է, որ օդաչուների դիերը հանձնելու պայման կարող է լինել Ստեփանակերտում դատվող ադրբեջանցի դիվերսանտների ետ վերադարձը:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Լիդա Մուրադյան՝ պրոֆեսիոնալ ղեկավար և հոգատար բժիշկ

 

 

Հայկական վիրաբուժության, մասնավորապես սրտի վիրաբուժության մասին բազմիցս խոսվել է: Հայտնի է, որ Հայաստանում սրտի վիրաբույժները քիթ սրբելու ժամանակ չունեն, և չի բացառվում, որ բժիշկ-հիվանդ հարաբերություններում տուժի մարդկայինը, սակայն...

 

Մեր օրերում, երբ համացանցը հեղեղված է վատի ու բացասականի մասին հրապարակումներով, չէի կարող չգրել մի անձնավորության մասին, ով մարդ տեսակի արժեզրկման ֆոնին մշտապես բարձր է կանգնած և մարդկայինի այնպիսի օրինակներ է ցույց տալիս, որ ակամա երազում ես, որպեսզի քեզ շրջապատեն բացառապես այսպիսի բարի, զուլալ և շրջապատին լույս ու ջերմություն տվող մարդիկ:

 

Բազմիցս խոսակցություններ էի լսել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանի մասին: Այս կենտրոն այցելած հիվանդները պնդում են, որ տիկին Մուրադյանը իրենց շրջապատել է այնպիսի հոգատարությամբ և մարդկային ջերմ վերաբերմունքով, որ հաճախ իրենք չեն տարբերել տունն ու հիվանդանոցը:

 

Հազարավոր մարդիկ մշտապես տարբեր խնդիրներով դիմել են կենտրոնի տնօրենին, ով ոչ միայն ընդունել ու լսել է բոլորին, այլև փորձել է յուրաքանչյուրի ցավին դարման գտնել, օգնել ինչով կարող է:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Պատանի երկրապահների պատասխանը՝ դպրոցներում պատանի երկրապահական կառույցների հիմնադրմանն ուղղված քննադատությանը

 

 

«Առավոտ» օրաթերթի խմբագրականում այսօր տեղ էր գտել հատված, որում քննադատական խոսք կա Հանրապետության դպրոցներում պատանի երկրապահական կառույցների հիմնադրման կապակցությամբ: Հրապարակմանը բուռն արձագանքել են հարյուրավոր պատանի երկրապահներ: Ստորև ներկայացնում ենք նրանցից մի քանիսի խոսքը:

 

Սիրանուշ Վարդանյան



Աբրահամյան ձյաձյա, եթե Դուք կարծում եք, թե երկրապահ անունը վայել չէ մեր ազգին, մեր սերնդին, ապա լավ իմացեք՝ այդ Դուք վայել չեք երկրապահ վեհ ձևակերպմանը, այդ Դուք իրավունք չունեք կոչվելու երկրապահ: Իսկ մենք, այո, Հայկ նահապետի հետնորդն ենք, հայ ենք, երկրապահ և համոզված ենք, որ հայ լինելը մեծ պատիվ է և հեղինակություն, ինչպես նաև պատիվ ու հեղինակություն է երկրապահ լինելը:

 

Էմիլ Գրիգորյան



Այդ Արամ ձյաձյային շատ լավ ենք ճանաչում: Գիտենք իր գործունեությունը, թե ինչպես է կարողանում առաջնորդվել «շողոքորթ գառը յոթ մոր կաթ է ուտում» սկզբունքով: Գիտենք նաև իր տերերից որ մեկի պատվերով է հարձակվում Երկրապահի վրա: Արամ ձյաձ, եթե մեզանից տարիքով մեծ ես, չկարծես, թե մեզանից շատ բան ես հասկանում:

 

Անահիտ Այդինյան



Լավ հասկացեք, արամաբրահամյաններ և նմանատիպ երևույթներ, մեր սերունդը հունանյաննաիրիկներ, ազգադավ անհատներ չի տալու: Մենք շատ լավ ենք գիտակցում մեր նախնյաց անցած ուղին, հասկանում ենք, որ մեր հայրերի, հորեղբայրների, պապերի արյան գնով, մեր ազգի տառապանքների գնով է ձեռք բերվել մեր Անկախությունը: Մենք տեր ենք այդ անկախությանը, մեր երկրին, պետությանը: Մենք վստահում ենք մեր պետությանը, երկրապահ հայ ազգին, մեր բանակին:

 

ԵԿՄ



***




Սեյրան Օհանյանն ու Անջեյ Կասպրչիկը քննարկել են ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու հարցը

 

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 19-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դիակները վերադարձնելու ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից իրականացվող քայլերի համակարգմանն առնչվող հարցեր:

 

 

***

 

 

Գնահատում եմ Դավիթի խիզախությունը. Էդուարդ Շարմազանով

 

 

Նոյեմբերի 17-ի ժամը 13:45-ից, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև հացադուլ հայտարարած Դավիթ Սանասարյանը գիշերել է գրասենյակի առջև: Նա հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերի վերադարձման:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ գնահատում է Դավիթ Սանասարյանի արարքը, համարում է հայրենասիրական, զգացմունքային, էմոցիոնալ պոռթկում: «Գնահատում եմ Դավիթի խիզախությունը. դա ևս մեկ անգամ քայլ է, որպեսզի հավելյալ ուշադրություն դարձվի խնդրի վրա»:

 

Հարցին՝ եթե հացադուլը լայնամասշտաբ լինի հացադուլը, արդյոք Եվրոպայի համար ավելի տեսանելի չի՞ լինի, Շարմազանովն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ Եվրոպայի համար անտեսանելի է այն տեսաժապավենը, որ օրը ցերեկով որևէ վտանգ չներկայացնող ուղղաթիռին հետևից խոցում են: Մենք չենք ապրում 20-րդ դարում, սա 21-րդ դարն է, որը համացանցի դար է, ցանկացած քիչ թե շատ քաղաքացի, եվրոպացի պաշտոնյա պետք է ծանոթ լինի, եթե ծանոթ չէ, դա իր խնդիրն է»:

 

 

***

 

 

Եռյակը հանրահավաք-երթ կանցկացնի

 

 

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, ընդդիմադիր եռյակը Մարդու իրավունքների օրվան նվիրված հանրահավաք-երթ կանցկացնի: «Սա կլինի համաժողավրդական շարժման միջոցառում»: Այս մասին եռյակի նիստից հետո հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

 

Ըստ Լևոն Զուրաբյանի՝ ներկայացված տասներկու կետի շուրջ իշխանությունների հետ բանակցություններ վարելու մեջ իմաստ չկա, քանի որ բանակցությունները համաժողովրդական թափը կոտրելու միտում ունեն:

 

Նշենք, որ եռյակի հերթական նիստին ՀԱԿ-ից մասնակցում են խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և քարտուղար Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանը, իսկ «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը և Արմեն Մարտիրոսյանը:

 

 

***

 

 

Ռուսաստանը և ԱՄՆ-ը չպետք Է վերապրեն սառը պատերազմի փորձը. Կարեն Շախնազարով

 

 

Ռուսաստանցի կինոռեժիսոր Կարեն Շախնազարովը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը չպետք է վերապրեն սառը պատերազմի փորձը, ես չԷի ցանկանա, որ մենք վերստին կատարենք այդ մեծ սխալը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Ես ապրել եմ սառը պատերազմի ժամանակներում, հավատացեք ինձ, դա այնքան Էլ լավ փորձ չէ»,-ասել է նա Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպանատանը կայացած երեկույթի ժամանակ, որը կազմակերպվել Էր Ամերիկյան համալսարանին առընթեր Ռուսական մշակույթի առաջշարժման նախաձեռնության (Initiative for Russian Culture) հետ համատեղ:

 

«Այժմ, երբ մենք գործնականում կանգնած ենք նոր սառը պատերազմի շեմին, ես հուսով եմ, որ թեկուզ այսպիսի հանդիպումները մեզ օգնեն հասկանալ միմյանց եւ դարձյալ թույլ չտալ այդ մեծ սխալը»,-նշել Է նա՝ դիմելով երեկույթի մասնակիցներին:

 

Հանդիպմանը ռեժիսորը ներկայացրել Է իր «Ցարասպանը» 1991 թվականի ֆիլմը, որը եզրափակում Է Առաջին Համաշխարհային պատերազմի եւ Ռոմանովների դինաստիայի դարաշրջանին նվիրված կինոնկարների շարքը: Ցուցադրությունը կազմակերպվել Էր ՌԴ-ի դեսպանատան, Ռուսական մշակույթի առաջշարժման նախաձեռնության եւ Մշակութային համագործակցության ամերիկա-ռուսական հիմնադրամի կողմից:

 

Նոյեմբերի 19-ին Շախնազարովին կհանձնվի հիմնադրամի պարգեւը ռուսական մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի զարգացման մեջ նրա ներդրած ավանդի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

 

***

 

 

Պետք է զգուշություն դրսևորենք. Գագիկ Ջհանգիրյան

 

 

Ազգային ժողովում քննարկվում է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այս նախագծի մասին իր մտավախությունը հայտնեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը. «Մենք համաշխարհային ֆինանսական կենտրոնների աջակցությամբ ընդունվող օրենքների հարցում պետք է զգուշություն դրսևորենք:

 

 

Նրանք շահագրգռում են իշխանություններին, որպեսզի այդ օրենքներն ընդունենք՝ հնարավորինս ձեռք չտալով սկզբունքային կետերին: Մեր անկախության սկզբնական տարիներին այս աշխատաելաոճը հասկանալի էր, բայց հիմա պետք է ձեռնպահ մնանք այսպիսի խայծերից: Այս օրենքը կոշտ միջամտություն է մեր օրենսդրական դաշտ: Այստեղ դեռ անելիքներ կա, որովհետև սա իր հետ բերելու է բազմաթիվ անկախանտեսելի խնդիրներ»:

 

Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը՝ պատասխանելով Գագիկ Ջհանգիրյանին ասաց, որ որևէ միջազգային ինստիտուտի պարտադրանք չկա, ավելին, նրա խոսքով՝ բավականին շատ ինստիտուտներ, սրա հետ մեկտեղ, որ առաջարկվում էր Համաշխարհային բանկի կողմից, չեն ընդունել:

 

Ըստ Արսեն Մկրտչյանի՝ Քրեական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտությունը ծնվել էր իրավակիրառ հարցերի պատճառով, թեև ինքը նույնպես բնավ հակված չէ որևէ իրավահարաբերություն քրեականացնել:

 

 

***

 

 

ԵԽԽՎ-ն Սաֆարովին ներում շնորհելը դատապարտող բանաձև է ընդունել

 

 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանին այն հարցում, որ վերջինս, օգտագործելով ԵԽ կոնվենցիաներից մեկը, դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայից անմիջապես հետո ազատ է արձակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

 

Միացյալ Թագավորության պատգամավոր Քրիստոֆեր Չոպի զեկույցի հիման կազմված և Բրյուսելում անցկացված քննարկումների արդյունքում ընդունված բանաձևում նշվում է, որ «Դատապարտված անձանց արտահանձնման մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դեպքում «միջազգային հարաբերություններում բարեխիղճ սկզբունքների և օրենքի գերակայության խախտում է»:

 

Բանաձևում նշվում է, որ Ռամիլ Սաֆարովը ՆԱՏՕ-ի դասընթացների շրջանաներում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար 2007 թվականին դատապարտվել էր ցմահ ազատազրկման' 30 տարի առանց ներման իրավունքի: Հունգարիայում 8 տարի բանտարկված մնալուց հետո նա արտահանձնվել էր Ադրբեջանին այն կոնվեցնիայի հիմունքներով, որը թույլ է տալիս օտարերկրացի կալանավորներին, մարդասիրական նկատառումներից ելնելով, տեղափոխել իրենց երկիր:

 

Սակայն Ադրբեջան հասնելուն պես Սաֆարովին դիմավորել էին իբրև ազգային հերոսի և համաներում շնորհել նրան: ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի ընդունած բանաձևում նշվում է, որ կոնվենցիան չի նախատեսում անմիջապես ազատ արձակել բանտակայլներին հայրենիք վերադարձնելուց հետո:

 

 

2004թ. փետրվարի 19-ի գիշերը Ռամիլ Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային: Երկարատեւ դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել' 30 տարի առանց ներման իրավունքի:

 

Հունգարական դատարանը բազմիցս էր հայտարարել Սաֆարովի' հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահ Ալիևն անմիջապես ներում շնորհեց, զինվորական բարձր կոչում տվեց և միանվագ վճարեց 8 տարվա աշխատավարձը: Նույն օրը պաշտոնական Երեւանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:

 

 

***

 

 

«Այն, ինչ մենք ստեղծեցինք մեր ժողովրդի գլխին, դրա հետ համեմատած՝ մի քայլ առաջ է». Հ. Բիշարյան

 

 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց.

 

Այն, ինչ մենք ստեղծեցինք մեր ժողովրդի գլխին, դրա հետ համեմատած՝ մի քայլ առաջ է, բայց իրականում պետք չէ ոգևորվել այն ամենից, ինչ այսօր ներկայացված է, որովհետև մենք սահմանադրական խախտումով ենք առաջ գնում: Ի՞նչ է նշանակում, որ եթե մի քաղաքացին 200 հազարի տուգանք ունի, իրավունք չունի դատական կարգով վիճարկելու:

 

Առավել ևս, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ մեքենան մեկ այլ անձի անունով է, ինքը գրանցված է մեկ վայրում, սակայն բնակվում է մեկ այլ վայրում: Մինչև տվյալները հասնում են տվյալ մարդուն, կարող է ամիսներ տևել: Բացի դրանից՝ ինչի՞ց ելնելով է որոշվել այդ 200 հազարը»,- ասում է պատգամավորը և հարց ուղղում,- «Դուք չե՞ք կարծում, որ համաներման գաղափարը պետք է կիրառել, որպեսզի մենք կարողանանք այդ ընտանիքներին բեռից հանել»:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Կարմիր խաչից հավաստիացնում են, որ խոցված ուղղաթիռի հարցը կառույցի ուշադրության կենտրոնում է

 

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել խոցված ուղղաթիռի հարցն ու կազմակերպության' Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում գտնվող գրասենյակներն այդ հարցի առնչությամբ աշխատանք են իրականացնում:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդ ակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ կառույցը դեռևս նոյեմբերի 13-ին ստացված պաշտոնական դիմումից հետո գործին ընթացք է տվել: «Կարմիր խաչն ըստ ընթացակարգի և իր գործառույթների շրջանակներում իրականացնում է աշխատանք, որպեսզի ապահովի երկխոսություն' Երևանի և Բաքվի միջև խոցված ուղղաթիռի աձնակազմի ճակատագրերի մասին տեղեկատվություն ստանալու առնչությամբ»,- ասաց Զառա Ամատունին:

 

«Արմենպրես»-ի հարցին, թե ինչն է պատճառը, որ ղարաբաղյան կողմը երկրորդ անգամ է պաշտոնական նամակով դիմում կազմակերպությանը, Ամատունին ասաց, որ անկախ հանգամանքից, թե կողմերը քանի անգամ կդիմեն, իրենք ըստ ընթացակարգի իրականացնում են իրենց աշխատանքը:

 

Անդրադառնալով Կարմիր խաչին ուղղված քննադատությանն ու ձևակերպումներին, որ կառույցը մատնված է անգործության, Ամատունին ասաց, որ աշխատանքն ու ձևաչափն այնպիսին է, որ իրենց գործունեության մանրամասները հասարակությանը չի ներկայացվում և թերևս դա է պատճառը, որ նման թյուր տեսակետ է կազմվել:

 

«Կարմիր խաչի Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի գրասենյակները շարունակում են աշխատել, որպեսզի խնդրի առնչությամբ կարողանան կողմերը գալ որևէ տեսակետի: Քննարկումները ընթացքի մեջ են, երկխոսությունը շարունակվում է»,- ասաց Զառա Ամատունին' հավելելով, որ ընթացակարգերն և բանակցությունների փուլերը չի կարող մանրամասնել:

 

 

***

 

 

Էդվարդ Նալբանդյանը շարունակում է ջանքեր գործադրել խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի հարցով

 

 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տարբեր ինտենսիվ շփումների մեջ է Արցախում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների ճակատագրի հարցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այդ մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

 

Նոյեմբերի 12-ին' ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:

 

Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը:

 

Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը, տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններ:

 

Նոյեմբերի 18-ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը պաշտոնապես կրկին դիմել է ԿԽՄԿ-ին որպեսզի քայլեր ձեռնարկեն Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական օդուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի մասին տեղեկություն ստանալու համար: Նման դիմում ԼՂՀ ղեկավարությունը ԿԽՄԿ-ին ներկայացրել էր նաեւ նոյեմբերի 13-ին: