Ոչ մի բան էլ չի փոխվի: Պետք է մի բան հասկանալ, որ Հայաստանի քաղաքական դաշտում գոյություն ունի ընդամենը մի քանի կուսակցություն՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ և թուլացած կուսակցություններ՝ ՀՅԴ, «Ժառանգություն»: Լուրեր.com-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Տիգրան Կարապետյանի այն հայտարարությանը, որ իր գլխավորած «Ժողովրդական կուսակցությունը» ցանկանում է համագործակցել Եռյակի հետ, ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

 

«Իհարկե, Արդարադատության նախարարությունում գրանցված է 75-ից ավել կուսակցություն, բայց տեսանելի է ընդամենը մի քանի կուսակցությունների գործունեությունը, փաստացի այլ կուսակցություններ գոյություն չունեն:

 

Թվարկել այդ կուսակցությունները պետք չէ: Բացի այդ հինգ ուժերից, ուրիշ քաղաքական ուժ գոյություն չունի, այդ իսկ պատճառով Տիգրան Կարապետյանի և Արդարադատության նախարարությունում գրանցված մյուս կուսակցությունների միացումը Եռյակին, ունի 0 նշանակություն, թե՛ քաղաքական տեսակետից, թե՛ PR տեսակետից»,- ասաց նա:

 

Այն դիտարկմանը, թե 2008-ին Հայ ազգային կոնգրես դաշինքն իր մեջ միավորում էր 2008թ. նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանին սատարած 18 ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները, ինչպես նաև համաժողովրդական շարժման մասնակից մի շարք այլ կազմակերպություններ, սակայն այդ բոլոր կուսակցությունների միացումը լայն հնչեղություն էր ստանում և ողջունվում, Բադալյանը նշեց, որ կուսակցությունների միացումը ՀԱԿ դաշինքին, PR-ի դեր էր կատարում, այդ ժամանակ չկար ԲՀԿ-ն, չկար ՀՅԴ-ն. 


«ՀԱԿ-ի հիմանական շարժիչ ուժը Հայոց համազգային շարժումն էր: Դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, իսկ կուսակցությունների միացումը PR քայլ էր, սակայն հիմա իրականությունը փոխվել է, և երկրորդ անգամ այդ PR-ը չի աշխատում: Սա 2008 թիվը չէ»,- ասաց Բադալյանը: