Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի բնակիչ Ժորիկ Կիրակոսյանի գոմում այս գիշեր գայլերը հոշոտել են 5 գլուխ ոչխար:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, գայլերի հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի լույս 20-ի գիշերվա ժամը 3-4-ի սահմաններում: Ժորիկ Կիրակոսյանի գոմում փակված 11 ոչխարից 6-ը մնացել են անվնաս, իսկ ահա մնացած 5-ը հոշոտվել մինչեւ վերջ:

 

«Հավանաբար գայլերը սպանդը դադարեցրել են ինչ-որ աղմուկի կամ մեքենայի լույսերի պատճառով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գուրգեն Բալյանը: Ըստ համանքապետի հաղորդման՝ օրեր առաջ գայլերը դաշտում հոշոտել են տնտեսություններից մեկին պատկանող մեկ տարեկան հորթի:

 

«Նրանց որսալը գրեթե անհնար է, գիշերները զինված շուրջկալ ենք կազմակերպում, նույնիսկ երեք օր առաջ գիշերով հաջողվեց մի գայլի վիրավորել ոտքից, սակայն այդպես էլ նրան չհաջողվեց որսալ: Մնում է հոտը պահպանելիս միշտ զգոն լինել»,-շարունակեց համայնքի ղեկավարը' հավելելով, որ գյուղապետարանը նախատեսում է որոշակի դրամական աջակցություն ցուցաբերել Ժորիկ Կիրակոսյանի ընտանիքին: