ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգված է, որ Մինսկի խումբը դեռևս հնարավորություն չի ստացել այցելելու հայկական խոցված ուղղաթիռի անկման վայր: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԵԱՀԿ քարտուղարության ոստիկանության գործունեության ռազմավարության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Տորստեն Շտոդիկը կարծիք հայտնեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի՝ խնդրին լուծում տալու համար: «Ես ուզում եմ մտահոգություն հայտնել, որ դեռևս հնարավորություն չի ընձեռվել այցելելու դեպքի վայր: ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը, կարծում եմ, բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի՝ խնդրին լուծում տալու համար: Դեպքի վայր գնալու համար աշխատանքները շարունակվում են թե հայկական, թե ադրբեջանական կողմի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

 

Շտոդիկն ընդգծեց, որ տեղի ունեցածի վերաբերյալ կարող է ընդամենը հղում կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) ու Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) խոր մտահոգություն են հայտնել, որ մինչև հիմա հնարավոր չի եղել մոտենալ ադրբեջանական ուժերի կողմից նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված հայկական ռազմական ուղղաթիռին: Ընդգծելով, որ ուղղաթիռի մասերն ընկած են շփման գծի ականապատ չեզոք գոտում, համանախագահները նշել են. «Մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել կրակը դեպքի վայրի մոտակայքում և դյուրացնել շրջակա տարածքի ականազերծման գործը: 2010 թվականի հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ընդունված Աստրախանի հայտարարության ոգուն հավատարիմ մնալով' համանախագահները կոչ են անում Ադրբեջանին թույլ տալ դուրս բերել զոհերի դիակները, իսկ Հայաստանին հորդորում են համագործակցել ամբողջությամբ ներդնելով բոլոր ջանքերն այս մարդասիրական իրավիճակը կարգավորելու նպատակով»: