Կառավարության երեկվա նիստն առանձնացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանի բանավեճով:

 

 

Նիստում Սահակյանն առաջարկել է աճուրդով վաճառել Երևանի Կիևյան փողոցում գտնվող ավելի քան 450 քառակուսի մետր կազմող բնակելի տունը՝ ավտոտնակով և կաթսայատնով, որը 120.7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք պարտքի դիմաց անցել է պետությանը:

 

Թվում է՝ սովորական ընթացակարգային հարց է. առկա է դատարանի վճիռ ու առանձնապես քննարկելու խնդիր չկա, որովհետև դատավճիռները պարտադիր են կատարման բոլորի, այդ թվում՝ կառավարության ու վարչապետի համար:

 

Սակայն սովորական է դարձել, որ Հովիկ Աբրահամյանը սիրում է կառավարության նիստերը վերածել սեփական PR-ի: Այդպես եղավ նաև երեկ, երբ վարչապետը հանկարծ սկսեց անհանգստանալ այդ տարածքում ապրող մարդկանց ճակատագրով:

 

Իհարկե, լավ նշան է, որ Աբրահամյանին սկսել են հուզել մարդկային ճակատագրերը, սակայն անհասկանալի է, թե այդ դեպքում ինչու չեն նոսրանում ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ հավաքվող մարդկանց շարքերը, ու դարձյալ անհասկանալի է, թե ինչու չեն լուծվում նրանց առաջ քաշած երբեմն պարզ թվացող խնդիրները:

 

Եվ հետո, Արգամիչը, թերևս, պետք է իմանար՝ նույնիսկ հումանիզմ կարելի է անել օրենքի շրջանակում, որովհետև եթե ինչ-որ խնդիր լուծում ես՝ նպատակահարմարությունից ելնելով, օրենքը շրջանցելով, ապա արժեզրկում ես հենց պետական ինստիտուտները, նրանց կայացրած որոշումները:

 

Բայց երեկվա նիստի առանձնահատկությունն այն էր, որ խնդիրը զեկուցող Արման Սահակյանը, ով Գալուստ Սահակյանի որդին է, ոչ միայն չհամաձայնեց վարչապետի դիտողությանը, այլ նիստից հետո, ըստ էության, հրապարակավ հակադրվեց նրան:

 

Ենթադրում եմ, որ Կիևյանի վրա գտնվող ինչ-որ տարածքն ու նրա բնակիչներն այս բանավեճի համար ընդամենը առիթն են՝ այսբերգի երևացող մասը, իսկ մեր երեկվա տեսածը վկայում է այն մասին, որ իշխանության ներսում, կառավարությունում, Հանրապետականում սկսվել են լուրջ խմորումներ՝ պայմանավորված առաջիկա գործընթացներով, 2017-2018թթ-ի ընտրական ցիկլով, գալիք իշխանության կոնֆիգուրացիայով:

 

Հովիկ Աբրահամյանը Հանրապետականի, այսպես կոչված, օլիգարխիկ շերտի լիդերն է՝ մարդ, ով չի թաքցնում իր ամբիցիաները, Սերժ Սարգսյանի ժառանգորդը լինելու ցանկությունը: Ընդ որում՝ գործող վարչապետն ավելորդ դիվանագիտությամբ աչքի չի ընկնում ու ակնհայտ հասկացնում է, որ ինքը այսօրվա համակարգը վերահսկելու, ոչ թե այն բարեփոխելու ցանկություն ունի:

 

Հանրապետականի, այսպես կոչված, երիտասարդների թիմը, որի ներկայացուցիչն է նաև Արման Սահակյանը, մտածում է, որ իր հաջողությունների համար պարտական է բացառապես գործող նախագահին ու, բնականաբար, հիմա նոր երաշխիքներ ստանալու խնդիր ունի, որովհետև եթե անգամ 2017-2018-ից հետո Սարգսյանը իշխանությունից չհեռանա, միևնույն է, չի ունենալու այսօրվա կարգավիճակն ու լիազորությունները:

 

Հովիկ Աբրահամյանը լարված հարաբերություններ ուներ նաև մեկ այլ երիտհանրապետական Էդուարդ Շարմազանովի հետ, երբ խորհրդարանում նրա «շեֆն» էր:

 

Ասել կուզի, որ ՀՀԿ այդ երկու խմբավորումների շահերը ոչ միայն չեն համընկնում, այլև հակոտնյա են:

 

 

Սուրեն Սուրենյանց