ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են զինված ուժերի համալրման գործընթացի, սպայակազմի պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման խնդիրներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապեր ի բաժնից, նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, այլ բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը և, առհասարակ, զինվորական ծառայության կազմակերպման առանցքային դրույթներին, ինչպես նաև պաշտպանական ոլորտի օրենսդրական և իրավական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր: