Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին է, որ ԲՀԿ-ն դեռևս չի մերժել 12 կետերի շուրջ բանակցություններ սկսելու՝ կառավարության առաջարկը:

 

ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ ոչ իշխանական ուժերը հրաժարվել ե ն բանակցություններից, նկատեց, որ ԲՀԿ-ից դեռևս չեն մերժել: «Իսկ Դուք ԲՀԿ-ից լսել եք, որ մերժել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցրեց Շարմազանովը:

 

Լրագրողների դիտարկմանը, որ այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, Շարմազանովն այսպես արձագանքեց. «Մենք ոչ Լևոն Զուրաբյանին ենք դիմել, ոչ Ռուբիկ Հակոբյանին, ես չեմ կարծում, որ նրանք ԲՀԿ-ի կարծիք արտահայտող ներկայացուցիչներն են»:

 

Նա հիշեցրեց, որ ԱԺ նախագահի մոտ եղած հանդիպումից հետո ԲՀԿ ներկայացուցիչը տեսակետ չի հայտնել:


«Չեմ կարծում, որ նրանք այն քաղաքական գործիչներն են, ովքեր այլ կուսակցության փոխարեն լիազորված են պաշտոնական հայտարարություն անելու: Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, դուք տեղյակ եք, թե ԲՀԿ-ից Հանրապետական կուսակցությունն ում կարծիքն է ընդունում՝ որպես պաշտոնական կարծիք»,- նշեց նա:

 

Հարցին, թե խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին է, նա պատասխանեց. «Դուք ասացիք, ես չասացի»: