Առաջիկա տասն օրվա ընթացքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով և կպատասխանի լրատվամիջոցների բոլոր հարցերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նոյեմբերի 21-ի հանդիպումը մամուլի ասուլիսի այսպես կոչված նախերգանք էր. «Ժառանգության» առաջնորդը հայտարարեց, որ լրատվամիջոցների հարցերին չի պատասխանելու. ելույթի հիմնական մեխը նվիրված էր բրյուսելյան հանդիպումներին: Հովհաննիսյանը ներկայացրեց, թե Բրյուսելում ինչի մասին է խոսել և ինչ մեսիջներ է ուղղել Եվրոպային: Մանրամասն ներկայացնելով, թե Եվրոպայում ինչ ելույթներ է ունեցել, Հովհաննիսյանը շեշտեց, որ պետք է «կեղծ մաչոյիզմից» ու կեղծ ազգասիրությունից զերծ մնալ:

 

Խոսելով ներքաղաքական կյանքի մասին' Հովհաննիսյանը կարևորեց եռյակի միասնականությունն ու «միացյալ հրապարակի» գաղափարախոսությունը' միաժամանակ շեշտելով, որ միասնականության պահպանման խնդիր կա, քանի որ որոշ հարցեր մնում են բաց: «Հրապարակային գործունեության շարունակակության խնդիրը, շարժման սկզբունքների հռչակման և որոշումների կայացման անհրաժեշտությունը շարունակում է մնալ օրակարգային: Չկա վերջնական համաձայնություն շարժման հռչակման վերաբերյալ: Դուք հիշում եք, որ մեկ շաբաթ առաջ հրապարակեցի նախագիծ, որ ժողովրդին պետք է բաց տեքստով ներկայացնել շարժան սկզբունքները: Շարժումը հռչակվում էր ղեկավարների միացյալ ստորագրությամբ: Նպատակը ազատ, անկախ և սահմանադրական Հայաստանն է և միակ միջոցը' հասնելու այդ նպատակին' արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են: Որոշումները պետք է կայացվեն միացյալ կոնսենսուսի տարբերակով»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը' հավելելով, որ դեկտեմբերին կմասնակցեն ՀԱԿ-ի հայտարարած երթին:

 

Միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ դեկտեմբերի սկզբին Երևանում, Վանաձորում և Գյումրիում կկայանա քաղաքացիական ժողով և կհանդիպի ժողովրի հետ: Այլ մանրամասներ չհաղորդելով քաղաքացիական ժողովի նպատակների մասին, Հովհաննիսյանը հաջողություն մաղթեց բոլորին, տեղեկացնելով, որ պետք է մասնակցի կուսակցության վարչության նիստին' քննարկելու արտաքին և ներքին հարցերի օրակարգը: