Արցախի Հանրապետության ու նրա քաղաքների հետ միջազգային բարեկամության կամուրջների ստեղծումը Ադրբեջանին գցել է հիստերիայի մեջ: Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը բողոք է հայտնել ֆրանսիական կառավարությանը նրա առնչությամբ, որ օրերս Բարեկամության հռչակագիր է ստորագրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերան և Ֆ րանսիայի Բուկ Բել Էր քաղաքների միջև:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը: Հետաքրքիր է, որ Ադրբեջանի դեսպանության անտեղյակությունն այն աստիճանի է հասել, որ բողոքում գրվել է, թե հռչակագիրը ստորագրվել է Ստեփանակերտի հետ:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի' Ֆրանսիա կատարած այցելության շրջանակներում Բուկ Բել Էրի քաղաքապետարանում նոյեմբերի 19-ին ստորագրվել է Բարեկամության հռչակագիր՝ Լեռնային Ղարաբաղի Ասկերան և Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքների միջև: Հռչակագիրը ողջունում է ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն և զարգացնելուն ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը և անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը։ Այն նպատակ ունի ամրապնդելու երկու քաղաքների միջև բարեկամական կապերը և համատեղ համագործակցություն հաստատել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում: